Առաջին ատյանի դատարանն այսօր 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին, թեև Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։
Երեկ ձերբակալված Ասկերանի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել երկու հոդվածով։ Հայկ Շամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փաստաթուղթ կեղծելու համար։ Ըստ Քննչականի՝ մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է արդեն գոյություն չունեցող քաղաքապետարանին պատկանող 5.5 միլիոն դրամանոց «LADA NIVA»-ն։
Ըստ քննչականի, Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներով փաստաթղթեր, թե մեքենան օտարելու իրավունք ունի, վերջում էլ այն նվիրատվություն է արել պապիկին։ Բայց մեքենան այդպես էլ չի վաճառել, այն այժմ վաճառքի է դրված։
Փաստաբան Վահե Եփրիկյանը հարցնում է՝ պաշտպանյալն ո՞ւմ է խաբել, ո՞վ է խաբվել, անգամ այս գործով տուժող չկա։ Պնդում է, թե Շամիրյանը մեքենան չի ցանկացել թողնել ադրբեջանցիներին, և արդեն Հայաստանում որոշել է այն վաճառել ու օգնել պատերազմից տուժած ասկերանցիներին։ Դրա համար էլ Հայաստանում ավագանու նիստ է անցկացրել ու այդ որոշմամբ էլ որոշել օտարել մեքենան։
«Օրենքով սահմանված կարգով իմ պաշտպանյալը, քանի որ ցանկացել է այդ գույքն իրացնել և գույքի իրացումից ստացվելիք շահույթն ուղղել համայնքի բնակիչների կարիքներին, քանի որ և՛ բենզինի պահեստի պայթյունից էին մարդիկ վիրավորվել, և՛ բժշկական ու առհասարակ սոցիալական աջակցության կարիք ունեին», - նշեց Եփրիկյանը:
Ասկերանի քաղաքապետն օրերս մասնակցում էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած հանդիպմանը։ Շամիրյանին վերջին շրջանում իրավապահները մի քանի անգամ բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներից։ Նրա փաստաբանը կասկածներ ունի, որ այս քրեական գործն առնչություն ունի Շամիրյանի քաղաքական ակտիվության հետ։
Ընդդիմադիրների փաստաբանները շարունակում են պնդել, վերջին օրերի քրեական գործերով իրավապահները ցանկանում են ճնշում գործադրել ակցիաների մասնակիցների վրա Բագրատ սրբազանի՝ մայիսի 26-ին նախաձեռնած հանրահավաքին ընդառաջ։ Ինչո՞ւ հունվարին կատարված գործարքի մասին միայն հիմա են հիշել, այն էլ՝ ոչ թե ինչ-որ մեկի բողոքից հետո:
«Մենք ունենք ակտիվ գործողություններ վարույթն իրականացնողի կողմից երեկ չէ առաջին օրվանից: Ես ուղղակի եմ տեսնում այս կապը, որովհետև որևէ անձ չի գնացել չի բողոքել, որ խարդախություն է կատարվել, իրենց համայնքի գույքը հափշտակվել է և այլն», - նշեց փաստաբանը:
Քննչական կոմիտեն, սակայն, հակադարձում է՝ հրապարակել են քրեական վարույթով ձեռք բերված և մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները, որոնք՝ «որևէ կապ չունեն փաստաբանների անհիմն պնդումների հետ»։
Քննչականից հայտնում են, որ քննությունը շարունակվում է ինչպես «Նիվա»-ի, այնպես էլ այլ գույքերի, այդ թվում՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենայի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ, որը ևս պատկանել է Ասկերանի քաղաքապետարանին։