Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը համոզված է՝ վարչապետ Փաշինյանն ու իշխանականները հիմքեր ունեն, որ պնդում են՝ Հայաստանում օտար երկրներին ծառայող գործակալներ կան։
Օրինակ` պատգամավոր Հակոբյանը ճանաչո՞ւմ է մեկին, որ գործակալ է, կամ, որ հետապնդվում է այլ երկրի շահերին ծառայելու համար։
«Չգիտեմ մարդկանց, ովքեր հենց գործակալ լինելու համար են հետապնդվում», - ասաց Հակոբյանը:
Բայց նրան կասկածելի է թվում գործող իշխանության օրոք պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանի քաղաքական վարքը. - «Իր դրսևորած վարքագիծը, որ պաշտոնաթող լինելուց կարճ ժամանակ անց գնաց ու բնակություն հաստատեց կամ աշխատում է Ռուսաստանում, արդեն իսկ մեծ կասկածի տեղիք է տալիս»։
Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի հրամանով 44-օրյա պատերազմից հետո։ Պաշտոնաթող նախարարը Փաշինյանի կոշտ քննադատներից է, մեկ ամիս առաջ Մոսկվայից Հայաստանում կուսակցություն հիմնեց։ Իսկ ինչո՞ւ իշխանականների կասկածները իրավական ընթացք չեն ստացել կամ ստանում։ Ինչո՞ւ իրավապահ մարմինները իշխանականների բնութագրած Հայաստանի դեմ աշխատող գործակալներին չեն ձերբակալում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտպանության նախկին նախարարը Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ, իշխանությունը անհեթեթություն է որակում«Այդ հարցը բացառապես իրավապահ մարմինների տիրույթում է և իրենք պետք է այդ հարցին պատասխանեն», - նշեց իշխանական պատգամավորը:
Գլխավոր դատախազին հինգ օր առաջ լրագրողները հարցրին, ինչո՞ւ չեն պարզում ու ձերբակալում իշխանականների նշած գործակալներին, որ արտաքին ուժերի ուղղորդմամբ աշխատում են Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Աննա Վարդապետյանը դրանք անհասցե հայտարարություններ որակեց։
Չնայած գլխավոր դատախազի գնահատականներին, վարչապետ Փաշինյանը երեկ նորից ակտիվացրեց գործակալների թեման, թե օպերատիվ տվյալներ ունեն։ Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման դեմ պայքարին աջակցում են, իր ձևակերպմամբ, դրսում ապաստանած կրիմինալը, գործակալները, որոնք հավաքագրված են օտար երկրների հատուկ ծառայություններում ու կատարում են հանձնարարություններ։ Արդյո՞ք դատախազությունը ուսումնասիրում է Հայաստանի ղեկավարի այս պնդումները, թե՞ գլխավոր դատախազի գնահատականները, որ դրանք զուտ քաղաքական հայտարարություններ են, ուժի մեջ է։ Գլխավոր դատախազությունից պահանջեցին հարցը գրավոր ուղարկել, դեռ չեն պատասխանել։
Նիկոլ Փաշինյանը գործակալների մասին խոսելիս նշեց միայն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը։ Հիշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ու Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որ հրապարակվել էր վեց տարի առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ». Փաշինյանը մեղադրում է, Վանեցյանը՝ հակադարձում«Մենք հստակ տեղեկություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայություն կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար», - նշեց Փաշինյանը:
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսման քրեական գործը դեռ 2021-ին է կասեցվել։ Արդյոք Փաշինյանի պնդումներից հետո վերանայվում է կասեցված գործը, Քննչական կոմիտեից փոխանցեցին, թե ոչինչ չի փոխվել, նույն փուլում է։
Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի բացառում, որ մի քանի ամսվա պատմություն ունեցող արտաքին հետախուզության ծառայությունում արդեն կան թղթապանակներ՝ գործակալների վերաբերյալ։
Արդեն յոթը ամիս գործող Արտաքին հետախուզական ծառայությունը այս թեմաներով որևէ հրապարակային մեկնաբանություն չի արել։