Փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռի ավելացման որոշումը՝ մտահոգությունների առիթ

Տուրիստական փոքր բիզնես ունեցող գյումրեցի Գոռ Թորոսյանը մտահոգ է՝ շուտով գուցե էլ չաշխատի, պատճառը սպասվող հարկային ավելացումներն են:

«Նախնական հաշվարկները ցույց են տվել, որ նման պայմաններում հունվարի 1-ից հետո աշխատելը անհնար է դառնում», - նշեց նա:

Թորոսյանի ու հազարավոր այլ ձեռներեցների հարկային բեռը հունվարի 1-ից գուցե կրկնապատկվի, կառավարությունն արդեն որոշում է ընդունել, մնում է խորհրդարանը հաստատի։ Առաջարկում են կրկնակի բարձրացնել շրջանառության հարկը։ Սա ավելացված արժեքի հարկին կամ շահութահարկին փոխարինող հարկատեսակ է՝ շատ ավելի ցածր տոկոսադրույքներով։

Փոքր բիզնեսները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը, դեռևս գործող կարգավորումներով կարող են այս տարբերակն ընտրել, բայց շեմը չպետք է գերազանցեն:

«Մի քանի հազարի հասնող մանր և միջին բիզնես ստիպված կլինի փակվել կամ սնանկանալ՝ չկարողանալով իր ծախսերը հոգալ», - ասաց բիզնեսմենը:

Առաջարկը ներկայացրած պաշտոնյաները, հակառակը, պնդում են՝ հարկային բեռի ավելացումը Թորոսյանին և մյուսներին բիզնես հաջողություններն ընդլայնելու մեծ հնարավորություններ կտա, բացատրում են՝ 115 միլիոն դրամի շեմը ձեռներեցներին խոչընդոտում է զարգանալ, մոտենում այդ ծավալներին՝ արգելակում են, որ շարունակեն քիչ հարկ վճարել:

Գործադիրը մի քանի ամիս առաջ էր ազդարարել՝ պատրաստվում են քայլ առ քայլ հրաժարվել այս հարկատեսակից ու բիզնեսներին հարկման ընդհանուր դաշտ բերել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ համակարգը աճի մոտիվացիա չի տալիս:

Եթե փոփոխությունը հաստատվի, առևտրով զբաղվող փոքր բիզնեսներն, օրինակ, իրենց շրջանառության 5 տոկոսի փոխարեն 10-ը կվճարեն, հանրային սննդի ոլորտում աշխատողները՝ 6-ի փոխարեն 12-ը։ Կառավարությունն արդեն հաշվել է՝ արդյունքում տարեկան 18 միլիարդ դրամ ավելի շատ գումար կհավաքվի պետբյուջեում:

Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը շեշտում է՝ շատ փոքր բիզնեսներ այս արտոնությունները հաշվի առնելով են որոշել գործ սկսել, այժմ նրանք փաստի առաջ են կանգնում:

«Կա բիզնես, որն ի սկզբանե հենց սենց է հարկային պլանավորում արել ու ինքը դիտմամբ հասնում է այդ շրջանառության շեմին դադարեցնում է վաճառքները, որովհետև մեծ հարկային բեռով ինքն այլևս մրցունակ չի՝ իր ապրանքը, ծառայությունը և այլն», - նշեց Ավագյանը:

Անցած շաբաթ ընդունված որոշմամբ գործադիրը նաև հարկային նվազեցումների հնարավորության մասին է հայտարարում, եթե փոքր բիզնեսները իրենց գործունեության հետ կապված ամեն ինչը փաստաթղթավորեն ու ներկայացնեն պետությանը, ու 115 միլիոն դրամի շրջանառության շեմը չանցնեն, նույնիսկ գործողից էլ ցածր տոկոսներ կվճարեն։ Հակոբ Ավագյանը սա իրատեսական չի համարում:

Փորձագետը չի շտապում հստակ կանխատեսումներ անել, թե ինչ կլինի հունվարի 1-ից հետո, բայց ընդգծում է՝ գուցե նոր թանկացումներ լինեն։