Մատչելիության հղումներ

Ըստ ՊԵԿ-ի՝ անշարժ գույքի 5 հազար վարձատու սկսել է հարկ վճարել


2023 թվականի ընթացքում Հայաստանում գրեթե 5.5 միլիարդ դոլարի հարկ է հավաքվել՝ 700 միլիոնով ավելի, քան 2022-ին։

«Ընդ որում, աճը գրանցել են բոլոր հարկատեսակները, բացառությամբ ռոյալթին, մուտքերը նվազել են այս հարկատեսակի մասով, իսկ պատճառը մետաղների միջազգային գներն են», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Պետական կառույցները վերջին օրերին իրենց անցած տարվա աշխատանքն են ներկայացնում լրագրողներին։ Ստուգումներ, խախտումներ. Ռուստամ Բադասյանն ասում է՝ 2023-ը ստվերի դեմ պայքարի արդյունավետ ժամանակահատված էր։

«Իրականացրել ենք 1186 համալիր հարկային ստուգումներ, որի արդյունքում թե ճշտումների, թե ակտով առաջադրված գումարներով վերականգնվել է 38.4 միլիարդ դրամ», - հայտնեց նա։

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով անշարժ գույքը վարձակալության տված քաղաքացիները, որոնք գործարքի մասին պետությանը չեն տեղակացրել ու սահմանված տասը տոկոս եկամտահարկը չեն վճարում բռնվելու դեպքում կտուգանվեն մինչև 500 հազար դրամով։ ՊԵԿ նախագահի ձեռքի տակ արդեն վիճակագրություն կար. երկու ամիս էլ չի անցել, բայց արդեն 5000 քաղաքացի օրենքի դաշտ է մտել, բայց թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանիսն են խուսափում այս հարկային պարտավորությունից, հայտնի չէ։

«Փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը՝ կենտրոնանալով նորակառույց շենքերի վրա տրվող բնակարանների վարձակալությանը», - ասաց նա։

Խախտումներն էլ, սակայն քիչ չեն. օրինակ՝ ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար մի շարք խոշոր խանութներ, սուպերմարկետներ, լցակայաններ են տուգանվել. - «2023 թվականին արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 7 հազար 371 դեպք, և արձանագրվել է 2.5 միլիարդ դրամի տուգանք։ «Ծիրան» մարկետը տուգանվել է երեք անգամ, ամեն անգամ 10 միլիոն, ընդհանուր՝ 30 միլիոն դրամ, «Էվրիկա գրուպ»՝ 3 անգամ՝ 30 միլիոն դրամ, «Ինեսա» սուպերմարկետներ՝ 7 անգամ՝ 26.9 միլիոն դրամ։ Վառելիքի շուկայում՝ հեղուկ կոշտ վառելիքի ավտոգազալցակայանների, «Ֆլեշ»-ը 8 անգամ՝ 40 միլիոն 271 հազար, «Մաքս օյլե» 3 անգամ՝ 30 միլիոն»։

Բադասյանը վճռական է՝ հանդուրժողակություն չի լինելու, օրենքի տառին խստորեն պետք է հետևեն։

2024-ը խոստացված երկու խոշոր համակարգային փոփոխությունների տարի է, որոնք սերտորեն առնչվում են Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Նորամոծությունների առաջին շահառուները՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մինչև մայիսի 1-ը պետք է պարտադիր հայտարարագրեն 2023 թվականին ունեցած իրենց եկամուտները՝ աշխատավարձից մինչև վարձով տված գույքի գումարները։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլ առ փուլ է կիրառվելու։ Այս տարի պահանջը վերաբերում է պետական ու համայնքային ծառայողներին, խոշոր ձեռներեցներին։ Հաջորդ տարի համակարգին ավելի մեծ թվով քաղաքացիներ կմիանան, 2026-ից արդեն այն պարտադիր կլինի բոլոր չափահասների համար։

Եթե հայտարագիր չներկայացնեն, սկզբում կնախազգուշացվեն, ապա կտուգանվեն 5-ից 50 հազար դրամով։ Օնլայն հարթակ է գործելու, որի միջոցով էլ քաղաքացիները պետք է անեն այս ամենը։ WEB հարթակը պատրաստ կլինի մարտին, վստահեցրեց ՊԵԿ նախագահը, բայց չհերքեց՝ ինչքան էլ լավ պատրաստվեն, տեխնիկական խնդիրներ լինում են։

Մյուս առանցքային նորամուծությունը իշխանությունների խոստացած առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնումն է։ Գործադիրը ծրագրում է դրա գործարկումը տարվա երկրորդ կեսին սկսել։ Վստահեցնում են՝ շուկան հետազոտել են, ծախսերն էլ՝ հաշվարկել։ Կոմիտեն այս դեպքում էլ մեծ անելիք ունի, մասնավորապես՝ տեխնիկական ապահովման հարցը։

«Էլեկտրոնային պլատֆորմով բավականին մեծ պարտականություններ են դրված ՊԵԿ-ի վրա, և մենք հիմա աշխատում ենք, որպեսզի օրենքն ընդունվելիս այնպիսի ձևակերպումներ չլինեն, որոնք հետագայում հնարավոր չի լինելու ծրագրավորել, կամ հնարավոր է ավելի հեշտ ծրագրավորել։ Դրա վրա ենք կենտրոնացած», - ասաց Բադասյանը։

Համաշխարհային բանկի փորձագետներն ավելի վաղ խորհուրդ էին տվել համակարգը ներդնելուց առաջ տասը չափել, նոր կտրել՝ գնահատումները զգուշությամբ իրականացնել՝ հարկաբյուջետային համակարգի վրա հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ ՊԵԿ նախագահն ասում է՝ քննարկումները հիմա էլ ընթանում են, և խնդիրներ կան, մանրամասներ, սակայն, չհայտնեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG