Քարտեզ ու GPS առանձին ոչինչ չեն որոշում՝ սահմանազատման փաստաթղթերը պիտի ուսումնասիրվեն․ քարտեզագիր

Կառավարության տարածած սահմանագծման քարտեզից բոլորովին չի հասկացվում՝ սահմանի գիծը Կիրանցի կամրջից որքան է խորանում դեպի գյուղ, պնդում են մասնագետները, հատկապես որ չգիտես ինչու՝ սահմանագիծն այդ լուսանկարում հաստ ներկով են պատել, ու պարզ չէ դրա տակ տներ կա՞ն, թե՞ ոչ։

«Դա ընդամենը լուսանկար է և այն չի պարունակում ո'չ բարձր ճշտություն, ո'չ մանրամասնություններ սահմանազատման աշխատանքների վերաբերյալ։ Գնահատել, թե որտեղով է անցնելու սահման՝ ինչ-որ սանտիմետրի, կամ միլիմետրի ճշտությամբ, բավականին բարդ է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց քարտեզագիր, գեոդեզիստ Շահեն Շահինյանը։

«Ե՛վ մասշտաբը, և՛ տարբեր դետալիզացիան թույլ չեն տալիս խոսել կոնկրետ ինչ-որ դրվագների մասին, բայց այն ուրվագծերը կրկնում են խորհրդային շրջանի հայտնի սահմանները, և այդ հայտնի սահմաններով Կիրանցի բնակարանները ու հարևան Խեյրիմլի գյուղի բնակարանները իրենք շատ մոտիկ էին», - ասաց քաղաքագետ ու քարտեզներն ուսումնասիրող Սամվել Մելիքսեթյանը։

Մելիքսեթյանի ձեռքի տակ Խորհրդային Միության գլխավոր շտաբի վերջին գաղտնի քարտեզն է, որ տպագրվել է 1990 թվականին․ -«90 թվականի քարտեզը արտացոլում է 88 թվականի իրականությունը։ Ամեն դեպքում, դա ամենավերջին մեր փաստաթուղթն է սահմանի մասին»։

Այս քարտեզի վրա մեկ սանտիմետրը 500 մետր է տեղում, նրա մոտավոր հաշվարկով՝ Կիրանցի կամրջից մոտ 90 մետր է սահմանը խորանում դեպի գյուղ։

«Փոքր տարբերություններ ունի այն քարտեզից, որ առկա է Google քարտեզներում, և իհարկե, չի կարելի ընդունել Google քարտեզները որպես հիմք սահմանազատման», - նշեց Սամվել Մելիքսեթյանը։

Կիրանցի բնակիչները վարչապետ Փաշինյանի հետ այս հարցով մի քանի անգամ են հանդիպել։ Համայնքի ղեկավարը 100-տոկոսանոց պատասխան չունի։ «60 տոկոս վստահեցնում եմ, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ», - հայտարարել է Կամո Շահինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս «տոչկեքով» կամուրջն էլ է անցնում, մոտ 120 մետր էլ վերև». Կիրանցի ղեկավար

«Քարտեզի վրա մենք պատկերացում ենք ունեցել, թե մոտավորապես որտեղ է այդ սահմանային սյունը։ Բայց երբ որ, միևնույն է, գնում ենք տեղում չափումներ անելու՝ էդ GPS կոչված սարքի միջոցով, որը կոորդինատն է տեղորոշում գետնի վրա, միշտ էլ լինում են շեղումները», - երեկ Հանրային հեռուստաընկերության տաղավարում ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում. Նիկոլ Փաշինյան

Երեկ Հանրային հեռուստաընկերության տաղավարում վարչապետը հայտարարեց՝ Կիրանցում սահմանի 11 կետեր ունեն, դրանցից 3-ի շուրջ պիտի լուծումներ գտնեն։ Արդյո՞ք GPS-ով՝ այս տերմինը մարդկանց մոտ տագնապ է առաջացնում այն բանից հետո, երբ ադրբեջանցիները GPS-ով մտան Սյունիքի Շուռնուխ։

«GPS-ը չի որոշում, որոշում է այն մարդը, ով կոորդինատը քարտեզի վրայից հանել է և մուտքագրել է գործիքի մեջ։ Գործիքն ընդամենը ցույց է տալիս, թե ձեր նշած կոորդինատը որտեղ է գտնվում»․ - քարտեզագիր Շահեն Շահինյանը բացատրում է՝ մարդը, մասնագետն է քարտեզի կոորդինատը մուտքագրում արբանյակային տվյալներով աշխատող այդ համակարգի մեջ։ Սահմանազատման գործում, շեշտում է՝ քարտեզ ու GPS առանձին ոչինչ չեն որոշում՝ սահմանազատման փաստաթղթերը՝ սահմանի նկարագրությունը պիտի ուսումնասիրվեն։

«Սահմանը, ա)` կարող է անցնել առաջին կետից երկրորդ կետ ուղիղ գծով։ Եթե նկարագրի մեջ գրված է, որ հայ - ադրբեջանական սահմանի A կետից B կետ սահմանագիծը անցնում է ուղիղ գծով, մենք կարող ենք հասկանալ, որ ուղիղ գիծ է։ Բայց կարող է նշված լինի, որ, օրինակ, սահմանագիծը անցնում է A կետից B կետ գետի հունով, սահմանագիծը անցնում է A կետից B կետ բլրի լանջով», - նշեց Շահինյանը։

Ո՞ր թվականի նկարագրությամբ, ո՞ր քարտեզով ու ի՞նչ սկզբունքներով է իրականացվում սահմանազատումը․ ըստ քարտեզագրի՝ սա գլխավոր հարցն է, որի պատասխանը չկա։ Կիրանցի ու հարևան Խեյրիմլիի սահմանը նկարագրող փաստաթուղթը կարող է գաղտնի լինել ՝ սկզբունքները, տարեթվերը՝ ոչ։

«Մենք չունենք դիմացի կողմի հայտարարությունը, չունենք պաշտոնական փաստաթուղթ, որտեղ ֆիքսված լինի, որ սահմանազատումը արվում է հենց այս սկզբունքով։ Այսինքն՝ Ադրբեջանի պաշտոնական մարմինները և՛ բանավոր կերպով, և՛ գրավոր կերպով պետք է հավաստեն, որ այո, իրենք ճանաչում են դա որպես սկզբունք», - ընդգծեց Շահեն Շահինյանը։

Ալմա-Աթայի հռչակագիրը նոր սահմանների գծման հիմք չի կարող դառնալ, պնդում է քարտեզագիրը․ - «Ալմա-Աթայի հռչակագրում ընդամենը մի նախադասություն է ասվում, որտեղ գրված է, որ կողմերը պարտավորվում են հարգել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանները։ Էսքանը»։

Շահինյանի տպավորությամբ՝ սահմանագծման բարդ աշխատանքն այնքան արագ է արվում, որ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Այս գործընթացը վարչապետ Փաշինյանը պիլոտային էր անվանել, Արդարադատության նախարարությունը՝ պարզաբանել, թե 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է։ Քարտեզագիրն այստեղ էլ հարց ունի՝ նախնական կամ պիլոտային սահմանագծման դեպքում ինչո՞ւ են տեղաշարժվում հայկական զինուժի հենակետերը։

«Եթե պիլոտային այս ծրագիրը դիտարկենք նրա տեսանկյունից՝ արդյո՞ք ստացվում է Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությունը, ապա էս դեպքում էլ պետք է անգամ սահմանազատման պրոցեսի ընթացքում, սահմանազատման պրոցեսի մինչև վերջնական ավարտը զորքերը չտեղաշարժվեին», - ասաց Շահեն Շահինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի ու Ղազախի միջև չորս հատվածների սահմանազատումը Փաշինյանը պիլոտային է համարում