Թբիլիսիում բողոքի ակցիայի 63 մասնակից է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի 63 մասնակիցների ձերբակալության մասին։ Ըստ ՆԳՆ-ի՝ 6 ոստիկան է տուժել, հայտնի չէ, սակայն, թե ցուցարարներից քանիսն են տուժել։

Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ: Սոցցանցերում հայտնվել է նաև տեսանյութ, որտեղ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորվել է վեց ոստիկան։ Ցույցի ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել նաև գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Լևան Խաբեիշվիլին

Այս բախումներից հետո այսօր՝ մայիսի 1-ի դրությամբ, Վրաստանի խորհրդարանը շարունակում է «անվտանգային զգոնության ռեժիմի» մեջ մնալ։

Նախագծի քննարկումը պատգամավորները պետք է վերսկսեին այսօրվա նիստում և երկրորդ ընթերցմամբ քվեարկեին։

Վերջին շրջանում Վրաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, մասնակիցները պահանջում են «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից դադարեցնել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կառույցները վիճահարույց փաստաթուղթն անվանում են ««ռուսական օրենք», քանի որ այն քիչ է տարբերվում Ռուսաստանում գործող նմանօրինակ օրենքից, որը հասարակական կազմակերպությունների և անկախ մամուլի ազատությունը ճնշելու լայն հնարավորություններ է ընձեռել: