Սահմա՞ն, թե՞ շփման գիծ. սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծն ԱԺ օրակարգ չմտավ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

Անակնկալ չկա. ընդդիմության՝ սահմանազատման վերաբերյալ հայտարարության նախագիծն Ազգային ժողովի օրակարգ չմտավ։ Իշխանականները դեմ քվեարկեցին։ Այս նախագիծը տապալվել էր նաև հանձնաժողովում:

«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության նախագծի ընդունումը», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Պետությունները ունենում են պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով՝ դրա ի՞նչն է պետականանպաստ», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը:

Ընդդիմությունը՝ ամբիոնի մոտ հիմնականում դաշնակցականներն են, առաջարկում էր սահմանազատում անել 1993 թվականից փաստացի գործող սահմաններով։ Այդպես հայկական կողմի համար ավելի շահեկան է։ Ըստ դաշնակցական Արթուր Խաչատրյանի՝ դրանով նաև Տավուշի զարգացումները կկանխվեն. չորս գյուղերը կմնան հայկական հսկողության տակ։ Պատգամավորը շեշտում է՝ այսօր նոր սահմաններ են գծում առանց իրավական հիմքի:

«Ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով, հրահանգով, որոշումով է դա եղել: Հանձնախումբը, որը ստեղծվել է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության, զուտ խորհրդատվական բնույթի մարմին է, կարող է խորհուրդ տալ, ո՞ւմ է տվել այդ խորհուրդը, ինչպե՞ս է որոշումը կայացվել», - հայտարարեց Խաչատրյանը:

«Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ արմյանսկի օբլաստ». - «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը և էլի մի շարք պատգամավորներ դաշնակցականներին հակադարձեցին, թե սա Դաշնակցության և կայսրության նախագիծն է: Հայաստանի սահմանը որոշել շփման գծով՝ նույնն է, թե ով որտեղ կարողանա զենքի ուժով կանգնել, ուրեմն՝ սահման է:

«Իսկ կարող ա՞ մի հատ բախում լինի՝ էդ շփման գիծը մի քիչ էլ ավելի խորանա Հայաստանի Հանրապետության ավելի խորքեր», - նշեց «Քաղաքացիական պայմանագրից» Լուսինե Բադալյանը:

Ադրբեջանն, ըստ իշխանականների, նոր հարձակման լեգիտիմ պատճառ է որոնում, շփման գիծ ասվածը նրանց ուզածն է:

«Շատ կարևոր է էս չորս գյուղերի մասով ադրբեջանական իմանալ, և ընդդիմությունն էլ սրա մասին շատ լավ գիտի, որ սրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու: Ընդդիմությունը սա գիտի: Գիտի, և հիմա ամեն բան անում է, որ էս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով», - պնդեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ընդդիմադիրներն ուզում են՝ իշխանությունն անկեղծ խոստովանի՝ ստիպված են սահմանագծում անում այժմյան պայմաններով:

«Էդքան լավն ե՞ք՝ դե պիլոտային սահմանագծումը և սահմանազատումը Ջերմուկից սկսեք: Բա Ջերմուկից սկսեք, Ներքին Հանդից սկսեք, Վարդենիսից, Շորժայից սկսեք, Իշխանասարից սկսեք: Չեք սկսում: Սև լճից սկսեք գոնե: Էդ էլ չեք սկսում: Գիտե՞ք ինչի չեք սկսում՝ որովհետև չեն թողում ձեզ թուրքերը», - պնդեց Արթուր Խաչատրյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բացատրեց, թե ինչու են Հայաստանի սահմանների գծման պիլոտային ծրագիր սկսում Տավուշից. - «Մենք անում ենք սա, որպեսզի հիմնավորենք և՛ Սև լճի հայկական, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան, և՛ Սոթքի, և՛ Ներքին Հանդի, և՛ Ջերմուկի, և՛ Բերքաբերի, և էսպես շարունակ: Ձեր տրամաբանությամբ եթե գնանք, ուրեմն՝ կա մի տրամաբանություն՝ սա ջունգլի ա, ով ինչքան ուժ ունի ընդեղ կանգնում ա»:

«Աշխարհի ամենահակապետական ընդդիմություն» - «խելագար կառավարություն». ընդդիմություն - իշխանություն բանավեճում փոխադարձ մեղադրանքներ են նաև այն մասին, թե ով որ երկրի օրակարգն է սպասարկում:

«Ձեր դաշնակիցներ թուրք-ադրբեջանականներն են, այո, մեր դաշնակիցներն էլ ռուսներն են: Պրծա՞նք, սա է՞ ձեր ուզածը», - ասաց Արծվիկ Մինասյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սահմանազատում գեղեցիկ անվան տակ հերթական կապիտուլյացիան է». Արթուր ԽաչատրյանՍահմանազատումը Տավուշից սկսելու հարցում վերջնական որոշում չկա. Մհեր ԳրիգորյանԱԺ-ն կքննարկի սահմանազատման հարցով հրատապ նիստ անցկացնելու ընդդիմության առաջարկը