Մատչելիության հղումներ

Սահմանազատումը Տավուշից սկսելու հարցում վերջնական որոշում չկա. Մհեր Գրիգորյան


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, արխիվ

Սահմանազատումը Տավուշից սկսելու հարցում վերջնական որոշում չկա, խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ, սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Հարցերը դեռ քննարկման փուլում են, որոշում դեռ չկա», - շեշտեց փոխվարչապետը՝ հավելելով, որ մինչև կարևորագույն սկզբունքների շուրջ վերջնական որոշում չլինի, սահմանազատման գործընթաց սկսել չեն կարող:

«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում կարող է լինել այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Այդ հարցերն են՝ անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական»։

Մհեր Գրիգորյանը միևնույն ժամանակ նշեց, որ բազմաթիվ հարցերի շուրջ ընկալումները նույնատիպ են։

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է զիջել, իսկ Ադրբեջանն անգամ դրան համաձայն չէ, փոխվարչապետն արձագանքեց. - «Կարծում եմ՝ դա սխալ տպավորություն է»։

Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ մի քանի անգամ ամենաբարձր մակարդակով կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատումը տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, սակայն երբ հայկական կողմը փորձում է այս պայմանավորվածությունն արտացոլել, հռչակագրին հղում անել տարածքային ամբողջականության և սահմանազատման կոնտեքստում, տեսնում է Ադրբեջանի դժկամությունը։

Հարցին, թե Ադրբեջանը դե՞մ է Ալմա-Աթայի հռչակագրին հղմանը, Մհեր Գրիգորյանը չպատասխանեց, փոխարենը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական հայտարարություններին։

Նիստը փակ էր, մոտ մեկ տասնյակ ընդդիմադիրներ էլ չկարողացան մասնակցել

Խորհրդարանում արդեն ավարտվել է ընդդիմության նախաձեռնած՝ հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման թեմայով հրատապ քննարկումը: Այն տևեց մեկուկես ժամ: Նիստին մասնակցում էին հայկական կողմից սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողներին չհաջողվեց հարցեր ուղղել Միրզոյանին:

Նիստն ընթացավ փակ ձևաչափով՝ սա իշխանության որոշումն էր: Թեև ընդդիմությունը դեմ էր, իշխանությունը պատճառաբանեց, որ հնարավոր է ներսում քննարկվեն պետական գաղտնիքին առնչվող հարցեր, և հետևապես պետք է, որ այն անցկացվի փակ ֆորմատով:

Ընդդիմության մոտ մեկ տասնյակ պատգամավորներ զրկվեցին նաև նիստին մասնակցելու հնարավորությունից, որովհետև նրանք չունեին գաղտնիությունը հասանելիություն. - «Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դա Դավիթ Կարապետյանն է», - հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ե՛վ սա, և՛ նիստի ֆորմատը հարուցել էր ընդդիմության դժգոհությունը: Արմեն Ռուստամյանը հետո արդեն լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց նպատակն էր հանրությանը իրազեկել սահմանազատման գործընթացի շուրջ տեղի ունեցող պրոցեսներից, սակայն փակ ֆորմատն իրենց զրկեց այդ հնարավորությունից:

«Հիմա, հասարակությունը սրանից ինչո՞վ է բավարարված լինելու՝ փակ նիստից, մանավանդ պատգամավորների մի մասին էլ դուրս են հանում, որ գաղտնիության հասանելիություն չունեն: Ես հատուկ չեմ դիմել, որովհետև ես չեմ գտնում, որ պատգամավորը պիտի դիմի խնդրի, որ իրեն հասանելի դառնան գաղտնիության նյութեր: Հրավիրել են, իբր թե մեր պահանջին համապատասխան հրավիրել են, բավարարել են, եկել են ներկայացուցիչներ՝ արտգործնախարարը և փոխվարչապետը, բայց տեսեք ինչ ձևով են անցկացնում», - ասաց դաշնակցական պատգամավորը:

«Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանագծման և սահմանազատման աշխատանք չկա»

Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում քննարկումից որոշ մանրամասներ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը. - «Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանագծման և սահմանազատման աշխատանք չկա, իրականում Հայաստան - Ադրբեջան բանակցություններ չկա, կա Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որը էս իշխանությունը մտադիր է առնվազն տեղիք տալ և գնալ նոր կապիտուլյացիայի»:

Պատգամավորը նաև ակնարկեց, որ իր տպավորությամբ՝ հակասություններ կային Մհեր Գրիգորյանի հնչեցրած հայտարարությունների և Արարատ Միրզոյանի տեսակետների միջև:

«Մեզ ևս հավաստիացրել է Մհեր Գրիգորյանը, որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան սահմանագծման հատվածում Տավուշի և նաև գյուղերի հետ կապված: Արարատ Միրզոյանը այլ բան էր ասում», - նշեց Սաղաթելյանը:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ ոչ մի նոր բան այդ փակ նիստից չիմացան. - «Ուղղակի գաղտնիության շղարշով իշխանությունները հերթական անգամ փորձեցին ինչ-որ խորհրդավորություն հաղորդել իրենց գործողություններին: Ոչ մի հուսադրող բան չեն ասել, էն բոլոր մտահոգությունները, որ մենք ունեինք, ուղղակի ամրապնդվեցին, ուրիշ ոչինչ: Էն մտահոգությունները, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախից հետո լրջագույնս վտանգված է»:

XS
SM
MD
LG