Վարչապետ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, հայտնում են կառավարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:
Ըստ Երևանի ու Բաքվի հայտարարության՝ նրանք «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Տավուշում սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում:
Փաշինյանն ու Բլինքենն այսօրվա հեռախոսազրույցում ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:
«Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը», - նշել է կառավարությունը հաղորդագրության մեջ:
Ամերիկյանի կողմի փոխանցմամբ՝ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացին: Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։
Բլինքենը նաև ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին աջակցելու Նահանգների շարունակվող ջանքերը։
Բացի այդ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ապրիլի 5-ի պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ դրանք արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:
Հայաստանի մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ևս անդրադարձ է եղել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն արտահայտում է նախորդ հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածությունները, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության ու իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով:
Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքուն մինչև օրս դիրքորոշում չի հայտնել։
Պետքարտուղար Բլինքենն ավելի վաղ ողջունել է Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ որպես սահմանազատման հիմք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում համեմատաբար հանգիստ է, անորոշությունը, սակայն, մնում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան