Գիշերը Կիրանցի ցուցարարներին մոտեցած զինվորականների առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել զինվորական ծառայությունից կամ առանձին պարտականություններից հրաժարվելու հոդվածով։ Առայժմ չի հաղորդվել՝ արդյո՞ք նրանցից մեկին մեղադրանք առաջադրվել է, թե՞ ոչ:
Նախաքննական մարմինը տեսանյութ է հրապարակել, որում զինվորականները հերքում են, թե միացել են ցուցարարներին։ Հստակ չէ՝ տեսանյութը երբ է նկարահանվել և ինչ պայմաններում:
Բանակի սպաները, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության համար, տեսանյութում հայտարարում են, թե պահի ազդեցության տակ են հայտնվել ցուցարարների մոտ:
«Զինակից ընկերների հետ միասին մեկնել ենք Կիրանց գյուղ: Այնտեղ դիմավորել են մեզ մի շարք լրագրողներ և ցուցարարներ, և իբր մենք՝ զինվորականներս, գնացել ենք այնտեղ և միացել ցուցարարներին: Ուստի հայտնում ենք ձեզ, որ այդ ամենը սուտ է, մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ», - ասում է սպա Ասատուր Չոբանյանը:
«Մենք կապ չունենք էդ ցուցարարների հետ կապված ոչ մի քաղաքական, ոչ մի քաղաքական հայացքներ չկա մեր մեջ: Մեր այնտեղի հայտնվելը եղել ա պատահականություն», - նշում է ենթասպա Ֆելիքս Բադինյանը:
Դեպքից ժամեր անց արդեն Քննչականում նկարահանված տեսանյութում Չոբանյանն ու Բադինյանը պնդում են՝ զղջում են ցուցարարների մոտ գնալու համար, հորդորում չքաղաքականացնել իրենց արարքը։ Մինչդեռ զինվորականները դեպքի վայրում որևէ հայտարարություն չէին արել, նրանցից մի քանիսը միայն ծափերով արձագանքում են ներկաներից մեկին, թե իրենք դեմ են միակողմանի զիջումներին:
Տեսանյութի տարածումից գրեթե մեկ ժամ անց Պաշտպանության նախարարությունն էր արձագանքել։ Զգուշացրել՝ Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: Այս հայտարարությունից անմիջապես հետո Քննչականը հաղորդեց վարույթ հարուցելու մասին ու տարածեց զինվորականների զղջման մասին տեսանյութը։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խնդրահարույց է համարում զինվորականներին նման կարգավիճակում տեսնելը։
«Նման տեսարան չէի ուզենա տեսնել, և մեր զինվորականներին այդ դերում չէի ուզենա որևէ ժամանակներում տեսնել: Այլ մեկնաբանություն չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը Պաշտպանության նախարարության ու Քննչական կոմիտեի արձագանքը դեպքին անհամաչափ է համարում։ Աբրահամյանը շեշտում է՝ ինչո՞ւ նույն կերպ իշխանությունը չվարվեց, երբ 2018-ի հեղափոխության օրերին բողոքի ակցիաներին խաղաղապահ բրիգադի զինվորները միացան, ինչո՞ւ այն իրավական որևէ հետևանք չունեցավ. - «Երբ խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ ըստ էության ոչ թե ողջունում էին, այլ՝ անձամբ մասնակցություն ունենում քաղաքական ակցիաներին, ապա այդ իրավիճակում ես նմանատիպ տեսանյութեր, օրինակ, չտեսա Քննչական կոմիտեի կողմից, հետագայում՝ նախազգուշացնող այդպիսի հայտարարություններ չտեսա: Եվ մեծ առումով՝ եթե էդտեղ հակաօրինական բաներ կար, ապա դրանք 2018-ին որևէ իրավական գնահատականի չարժանացան»:
Իշխող ուժից արձագանքում են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ոչ միայն այսօր, այլև վեց տարի առաջ է անընդունելի համարել ակցիաներին զինվորականների մասնակցությունը: ՔՊ խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիր գործընկերոջը հիշեցրել է կուսակցության 2018-ի ապրիլի 23-ի հայտարարությունը, որում ՔՊ-ն անընդունելի էր համարել ակցիաներին զինվորականների մասնակցությունը։
«Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելիս», - ասված է հայտարարությունում:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ոչ միայն 2018-ի հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա անընդունելի է համարում զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաներին, շեշտում՝ զինվորականների գործը երկրի անվտանգությունն ապահովելն է:
«Ընդհանրապես, զինվորականների մասնակցությունը նման միջոցառումներին, բնական է, չի թույլատրվում և անընդունելի է, չպետք է նման մասնակցություն լինի: Մյուս կողմից՝ եթե նրանց կողմից տեղի է ունեցել ուղղակի սխալմունք, կամ թյուրիմացություն է տեղի ունեցել, որը ես նույնպես չեմ բացառում, շատ հնարավոր է և կարելի էր մեղմ վերաբերվել այս դեպքին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը:
Իրավապաշտպանն ասում է՝ եթե զինվորականները ցանկանում են քաղաքական ակցիաներին մասնակցել, ապա պետք է դուրս գան ծառայությունից: