Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը», - ասել է Փաշինյանը՝ Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում հանդես գալով «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:
«Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված», - Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` նշելով, որ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ «Խաղաղության օրակարգն արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք` տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է», - ասել է վարչապետը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պետք է ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Երեկվա դրությամբ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին:
Գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետ. «2018-ին որոշեցինք լինել տանտեր՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին, հասկանալո՛վ չմտածեցինք»Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է ևս 8 սահմանային սյուն