Մատչելիության հղումներ

Վարչապետ. «2018-ին որոշեցինք լինել տանտեր՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին, հասկանալո՛վ չմտածեցինք»


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար

Քաղաքացու օրը Հայաստանի տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, «նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձևի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», - ասված է օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում:

«Այդ բանաձևն այլևս անշրջելի իրողություն է Հայաստանում և ապացուցվում է նաև վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն և ո՞վ ընդդիմություն, այլևս ի վիճակի չեն դա անելու, որովհետև նման որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, և քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը», - հայտարարում է Փաշինյանը՝ շարունակելով. - «Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, և օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին»:

«Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, և քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:

Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը, և արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ:

Դրանցից կարևորագույնը տարածքային ամբողջականությունն է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, և մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում ենք հիմա, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, պետականության հենք, և Քաղաքացին պետականության երաշխավորի իր հանդարտությամբ ապահովում է, որ մենք վճռականորեն գնանք այս ճանապարհով», - ասված է ուղերձում, որ տարածել է Կառավարության լրատվականը:

Պետության գոյության հաջորդ կարևորագույն գրավականը, ըստ վարչապետի, «իրավունքների և պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում»: «Մի ինչ-որ պահի պետք է հասնենք նաև ռազմավարական այս նպատակին, որպեսզի երկրում հաստատված իրավակարգը, իրավունքների ու պարտականությունների համակարգը քաղաքացին իրենը, իր ստեղծածը համարի և ոչ թե ինչ-որ շրջանակների կողմից իրեն պարտադրված», - ընդգծում է վարչապետը:

«2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, <...> որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, և այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետևանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետև ինքդ դո՛ւ լինելու հետևանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ:

Մենք որոշեցինք, որ մենք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով: Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը, որովհետև ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG