Մատչելիության հղումներ

Ոստիկանները բացեցին փողոցները Երևանում, միջպետական մայրուղին Բագրատաշենի մոտ


Հայաստանի տարբեր հատվածներում՝ Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ են՝ փողոցներ և ճանապարհներ փակելու տեսքով, Երևանում փակվել են մի քանի կենտրոնական մեծ փողոցներ, մարզերում՝ հիմնականում միջպետական ճանապարհներ, այդ թվում՝ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղիները Կիրանցի, Ալավերդու և Բագրատաշենի հատվածներում: Բողոքի ակցիան Տավուշում սահմանազատման դեմ է։

Ոստիկանները Երևանում փողոցները բացել են, բաց է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի մոտ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր բերման է ենթարկվել 45 մարդ, որոնցից 33-ը՝ Երևանում: Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Կիրանց գյուղի մոտ լարված էր, այնտեղ էր նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ դաշնակցական Գառնիկ Դանիելյանը։ Քաշքշուկի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացավ, պատգամավորն ուշագնաց եղավ, նրան տեղափոխեցին Նոյեմբերյանի հիվանդանոց: Ժամեր անց տեղեկություն ստացվեց, որ Դանիելյանն արդեն դուրս է եկել հիվանդանոցից և «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ դարձյալ գնում է Կիրանց գյուղի մոտ, որտեղ ճանապարհը ի նշան բողոքի դեռ փակ է:

Այսօրվա ընթացքում փակվել են նաև Ապարան-Երևան ավտոճանապարհի Ալագյազի հատվածը, Գյումրի-Երևան ավտոճանապարհը, Հայաստան Իրան-ճանապարհը Տիգրանաշենի հատվածում: Միջպետական մայրուղիների բոլոր այդ հատվածներում էլ դաշնակցականներ կային:

Երևանում օրվա ընթացքում փակվեց կենտրոնական Խորենացի-Զաքյան հատվածը, երկու երիտասարդներ մեքենաներով էին փակել, ասացին՝ որևէ քաղաքական ուժի չեն հարում. - «Էս իշխանության դեմ ա, իրանց քաղաքականության, իրանց վարած հակահայկական քաղաքականության դեմ՝ ամբողջ, սկզբից մինչև վերջ»:

Հատուկ տեխնիկայով մեքենաները հեռացվեցին, փողոցը բացվեց:

Երևանում փողոց փակվեց նաև Ներքին գործերի նախարարության և Երևանի Պետական համալսարանի մոտ: Այստեղ էր ընդդիմադիր հայացքներով փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Քաղաքացիները փակել են Չարենցի 1 հատվածում», - փոխանցել էր նա:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Փողոցներ փակելու անհնազանդության ակցիան, հիշեցնենք, լայնորեն կիրառվում էր 2018 թվականի հեղափոխության ժամանակ` այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG