Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման լավ հնարավորություն է տեսնում: «Արդեն սահմանազատում և սահմանագծում ենք իրականացնում», - այսօր հայտարարեց Ադրբեջանի առաջնորդը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում: Այսպիսով մենք ձեռնարկում ենք լրացուցիչ քայլեր խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Իսկ այսօր առավոտյան Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը, այսինքն՝ խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան։ Բաքուն պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ, որոնք ցանկանում են օգնել այդ հարցում», - նշել է Ալիևը։
Կանցլեր Օլաֆ Շոլցը, ում ջանքերով Ալիևն ու Փաշինյանը տևական դադարից հետո անցած փետրվարին վերադարձան բանակցային սեղանի շուրջ՝ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո, այսօր կրկին պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
«Վերջին հանդիպմանը դուք երկուսդ ինձ հավաստիացրել եք, որ բաց հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով։ Գերմանիան պատրաստ է աջակցել երկու երկրներին անհրաժեշտ փոխզիջումներ գտնելու հարցում», - ասել է Շոլցը։
Հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հավաստիացումներից հետո Բաքուն Երևանից պահանջեց անհապաղ հանձնել Տավուշի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Հայաստանի վարչապետը պնդեց՝ չհանձնելու այլընտրանքը պատերազմն է։
Գերմանիայի կանցլերն այսօր նշեց, թե Բեռլինն ուրախությամբ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նախնական պայմանավորվածությունների մասին լուրը, հույս հայտնելով, որ երկու երկրներին կհաջողվի այս տարվա ընթացքում նաև խաղաղության պայմանագիր ստորագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր«Կարծում եմ, որ Ադրբեջանը բնական գազից բացի, կդառնա նաև Եվրոպայի կանաչ էներգիայի մատակարարը»
Ադրբեջանի առաջնորդը Բեռլինում է երկօրյա այցով, որի առանցքում է համագործակցությունը Եվրամիության հետ էներգետիկ ոլորտում. Երկու տարի առաջ Բաքուն խոստացավ մինչև 2027 թվականը կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը։ Այսօր Ալիևը հայտարարել է, թե դրանից բացի Ադրբեջանը կարող է նաև այլընտրանքային աղբյուրներից ստացվող էներգիա մատակարարել:
«Մենք լայն թափով արևային ու հողմակայաններ ենք կառուցում, և կարծում եմ, որ Ադրբեջանը՝ բնական գազից բացի, կդառնա նաև Եվրոպայի կանաչ էներգիայի մատակարարը»
Ալիևը Եվրամիության առաջատար երկիր ժամանեց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, որտեղ հատուկ կարևորել էր Մոսկվայի դերակատարությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը. ԱլիևԵրկօրյա այցն ուղեկցվեց բողոքի ակցիայով։ Ադրբեջանցի մի խումբ վտարանդի ընդդիմադիրներ Բեռլինում նրա շարասյունը դիմավորեցին «բռնապետ», «Պուտինի ստրուկ», «կաշառակեր» վանկարկումներով։
Իսկ կանցլերի հետ համատեղ ասուլիսին Իլհամ Ալիևը ստիպված էր պատասխանել նաև տհաճ հարցերի՝ ե՞րբ է իր վարչակազմը դադարեցնելու բռնաճնշումները լրագրողների, ընդդիմախոսների նկատմամբ, ինչո՞ւ են գաղտնի պահվում Ղարաբաղում իրականացվող բազմամիլիարդանոց նախագծերը, և ո՞ւմ են պատկանում այդ թանկարժեք ծրագրերն իրականացնող ընկերությունները։
«Լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունները Ադրբեջանում անցկացվում են օրենքի շրջանակներում», - պնդեց Ալիևը՝ հակադարձելով նաև Ղարաբաղում իրականացվող կասկածելի նախագծերի հարցով մեղադրանքներին․ - «Ամեն ինչ թափանցիկ է, և բոլոր տվյալները հանրային տիրույթում են Ադրբեջանի ԶԼՄ-ների մեծ մասը գոհ է հարցի վերաբերյալ առկա տեղեկատվությունից»: