Մատչելիության հղումներ

Երևանը համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ բանակցություններին


Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը, արխիվ
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը, արխիվ

Երևանը համաձայն է Ղազախստանում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Աստանայում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին չորս օր առաջ հրապարակային խոսել էր Իլհամ Ալիևը, ասել՝ Ադրբեջանը կողմ է, սպասում են Հայաստանի արձագանքին:

Արտաքին գերատեսչությունից այսօր արդեն հայտարարեցին՝ ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես:

«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», - նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Աստանայում ակնկալվող այս հանդիպումից երկու շաբաթ առաջ Հայաստանում էր Ղազախստանի նախագահը, ավելի վաղ՝ նաև այդ երկրի արտգործնախարարը: Երևանում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ են կողմերին բանակցային հարթակ տրամադրել։ Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ բանակցել են փետրվարին Բեռլինում, շոշափելի առաջընթացի մասին, սակայն, կողմերը չէին հաղորդել:

Ըստ վերլուծաբանի՝ այս բանակցություններից դրական ակնկալիքներ դժվար է ունենալ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը, արխիվ

Ղազախական հարթակում բանակցություններից դրական ակնկալիքներ դժվար է ունենալ, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական երկկողմ շփումներում Բաքուն շարունակելու է խոսել ուժի դիրքերից:

«Կարծում եմ՝ այդ իրավիճակն այդուհանդերձ ունի աշխարհաքաղաքական շահառուներ: Այլ հարց է, որ որևէ մեկը չի ուզում ֆորմալ իր դեմքով պատասխանատվություն ստանձնել այդ տրամաբանությամբ գործընթացի համար: Իսկ այլ՝ արդեն հավասարակշռված գործընթաց իրականացնելու համար այստեղ կան մի շարք այլ բարդություններ, աշխարհաքաղաքական մրցակցություն, պայքար և այլն ու նաև Ադրբեջանին այդ ուժի գործոնից հրաժարվելու հարցում ճնշում բանեցնելու մեղմ ասած ոչ նպատակահարմարություն», - ասաց Բադալյանը:

Որ Բաքուն բանակցությունների սեղանի շուրջ սպառնալիքով է առաջնորդվում նաև հայաստանցի պաշտոնյաներն են խոստովանում, նկատում է մեկնաբանը։ Ինքը՝ Ալիևը համարում է, որ արդյունավետ են Երևան-Բաքու առանձին շփումները:

«Ադրբեջանը շարունակելու է այնքան, քանի դեռ տեսնում է, որ դա թույլ է տալիս ուժերի բալանսը և դա թույլ է տալիս միջազգային իրավիճակը: Այս երկու առանցքային հանգամանքներն են ու նաև տեսնում է, որ Երևանն էլ մեծ հաշվով դա թույլ է տալիս», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի նախագահը նախապայման ունի՝ պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, Արարատ լեռը որպես խորհրդանիշ չօգտագործվի և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև:

«Հիմա հնարավորություն կա՞, տարբերակ կա՞ չընդունել այդ կանոնները, ես ամենևին կողմնակից չեմ այն մոտեցման, որ՝ չէ, այլընտրանք չկա, այն, ինչ անում ենք, դա միակ տարբերակն է: Էսպես մտածելով մենք ինքներս մեր դրությունն ավելի բարդացնելու ենք, հետևաբար պետք է փնտրել այլ տարբերակներ, իսկ եթե չկան այլ տարբերակներ, գուցե պետք է պարզապես մտածել այն իրականացնողներ գտնելու մասին», - ասաց Հակոբ Բադալյանը:

Եթե Բաքվի պատկերացրած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վարչապետ Փաշինյանն ու իր թիմը համարում են կարմիր գիծ, ապա մայր օրենքի և խորհրդանիշների փոփոխությունը չեն բացառում, միաժամանակ պնդում, թե դա Հայաստանի ներքին հարցն է։

Երևանը Բաքվի հետ խաղաղության հասնելու համար ակնկալում է համաձայնեցնել երկու հիմնական հարց: Ճանապարհների ապաշրջափակում ինքնիշխանության հարգմամբ, ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

«Ազատությանը» Արտգործնախարարությունից փոխանցեցին՝ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները: Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է: Կա՞ արդյոք այս կետերի շուրջ առաջընթաց, հայտնի չէ:

Եթե սահմանազատման հարցում Բաքուն կողմ է Ալմաթիի հռչակագրին, կհաջողվի՞ այն ամրագրել նաև խաղաղության պայմանագրում: Հարցի պատասխանը արտգործնախարարի ու վարչապետի հետ ժամեր առաջ հանդիպած իշխանական պատգամավորներից ստանալ այդպես էլ չհաջողվեց։ Նրանք հիմնականում հրաժարվում էին մեկնաբանություն տալ:

XS
SM
MD
LG