Նավալնիի աջակիցները նրա ծննդյան օրը հիշատակի համերգ են կազմակերպելու Բեռլինում

Նավալնիի հուղարկավորությունը, Բորիսովյան գերեզմանատուն, Մոսկվա, 1 մարտի, 2024թ.

Այս տարվա փետրվարին Յամալի քրեակատարողական գաղութում մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի զինակիցները մտադիր են հունիսի 4-ին Բեռլինում նրա հիշատակին նվիրված համերգ կազմակերպել:

«Մենք շարունակում ամեն բան անել, որ Ալեքսեյի անունը և նրա գաղափարները հնարավորինս բարձր հնչեն, Պուտինն է սպանել Նավալնիին, բայց նա միևնույն է չի կարող Նավալնիին հաղթել, քանի դեռ մենք հիշում ենք նրան, և քանի դեռ կան մարդիկ, ովքեր խոսում են նրա մասին»,- Telegram ալիքում հայտնել է «Նավալնի թիմը»:

Կազմակերպիչները նախատեսում են համերգն անցկացնել հունիսի 4-ին՝ Նավալնիի ծննդյան օրը: Ենթադրվում է, որ համերգին կմասնակցեն Noize MC, Casta, Pornofilms և Aigel խմբերը:

Նավալնին, ըստ ռուսական իշխանությունների, մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանում գտնվող «Բևեռային գայլ» խիստ ռեժիմի գաղութում: Մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, թե նա մահացել է բնական մահով՝ տրոմբի պոկվելու հետևանքով։

Նավալնիի աջակիցները համոզված են, որ Վլադիմիր Պուտինի ռեժիմը նրան կամ սպանել, կամ մահվան է հասցրել: Ազատազրկման ընթացքում Ալեքսեյ Նավալնին ավելի քան 300 օր անցկացրել է պատժախցում։