Մատչելիության հղումներ

Պուտինը հաստատել է Նավալնիի փոխանակման շուրջ բանակցությունների մասին տեղեկությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ բանակցություններ էին ընթանում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի փոխանակման շուրջ։

Ըստ «Մեդիազոնա» կայքի՝ Պուտինն այս մասին հայտարարել է նախագահական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո իր ելույթի ժամանակ։

«Ի դեպ, Նավալնիի մահից մի քանի օր առաջ ինձ ասացին, որ գաղափար կա նրան փոխանակել արևմտյան բանտում գտնվող մարդկանց հետ։ Կարող եք ինձ հավատալ, կարող եք ոչ, բայց ես ասացի, որ համաձայն եմ։ Ցավոք, եղավ այն, ինչ եղավ։ Մի պայմանով համաձայնեցի՝ կփոխանակենք, բայց որ այլևս երբեք չվերադառնա, թող նստի այնտեղ։ Բայց ինչ արած, այդպիսին է կյանքը»,- ասել է Պուտինը։

Բանակցությունների մասին ավելի վաղ հաղորդել էին թե՛ ընդդիմադիր գործչի ընկերները, թե՛«Ագենտստվո»-ի լրագրողները։

Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Մարիա Պևչիխովն էլ պնդել էր, որ Նավալնիին բանտում սպանել են Բեռլինում սպանության համար պատիժը կրող ռուս լրտես Վադիմ Կրասիկովի հետ փոխանակումը կանխելու համար։

«Փետրվարի 15-ին ինձ հաստատել են, որ փոխանակման շուրջ բանակցություններն եզրափակիչ փուլում են, փետրվարի 16-ին Ալեքսեյին սպանեցին», - նշել է Պևչիխը։

Խոսելով Նավալնիի մահվան մասին՝ Ռուսաստանի նախագահն ասել է․ - «Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին, այո՛, նա հեռացավ կյանքից։ Սա տխուր իրադարձություն է։ Մենք այլ դեպքեր էլ ենք ունեցել, երբ ազատազրկման վայրերում մարդիկ են մահացել։ Ի՞նչ է, Միացյալ Նահանգներում նման դեպքեր չեն եղե՞լ»:

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG