Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում Նավալնիի մահվան կապակցությամբ


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի շիրիմը, Բորիսովո գերեզմանատուն, Մոսկվա, 2-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի շիրիմը, Բորիսովո գերեզմանատուն, Մոսկվա, 2-ը մարտի, 2024թ.

Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են բանտում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Դրանք սահմանվում են ավելի քան 30 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց նկատմամբ:

Այս որոշումը պետք է պաշտոնապես հաստատվի Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից, ինչից հետո կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում և այդ պահից կմտնի ուժի մեջ։

Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի քրեակատարողական և դատական համակարգերի աշխատակիցները կընդգրկվեն սև ցուցակում։

Դրանում հայտնված բոլոր անձանց մուտքը ԵՄ արգելված է, և նրանց բանկային հաշիվները Եվրոպայում (եթե գտնվեն այդպիսիք) կարգելափակվեն։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա եվրոպական բիզնեսին արգելված է նրանց հետ որևէ համագործակցություն, այդ թվում՝ վարկերի տրամադրումը և ներդրումները։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

XS
SM
MD
LG