Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը

Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալ

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու մասին, ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Ջեյսվալը։

Ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյան. «Ունենք առաջընթաց և հաջողություններ զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիայի հարցում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի. Պապիկյան

«Նրանք դա անում են բացահայտ, նրանք նույնիսկ փորձում են այս կերպ մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես ձեռքներս ծալած նստել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք թե՛ Հայաստանի կառավարությանը, թե՛ այն ուժերին, որոնք այսօր հոգատարություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել», - ասել է Ալիևը։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը մարտի 4-ին Երևանում հայտարարեց, որ չեն բացառում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ գործակցությունը ռազմական ոլորտում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար