Բագրատաշեն գյուղից Վրաստան տանող ճանապարհը փակած քաղաքացիներից դեռ ձերբակալված են 5-ը, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին տեսակցել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։ Երեկ ոստիկանությունը 13 հոգու էր բերման ենթարկել։
Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումից դժգոհ քաղաքացիները քանի օր է՝ Տավուշի մարզում ճանապարհներ են փակում՝ իշխանությունից պահանջելով հրաժարվել միակողմանի զիջումներից։
«Արձանագրել ենք նրա հետ կապված բոլոր իր կողմից բարձրաձայնած խնդիրները, ավելին ասեմ՝ հետագայում ես խնդրել եմ և հանձնարարել եմ իմ աշխատակիցներին, որպեսզի ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց հետ հանդիպումից հետո կոնկրետ ժամը լրանալու պահին մեկնեն դարձյալ ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը», - ասաց Պաշտպան Անահիտ Մանասյանը։
Թե ինչ խնդիրներ է բարձրացրել տավուշցիների հետ փողոց փակած քաղաքագետը, Անահիտ Մանասյանն այսօր չմանրամասնեց, հավելեց միայն, որ քանի օր է՝ այցելում են տավուշյան ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին, ստուգում, թե արդյոք չեն խախտվել նրանց իրավունքները, իսկ եզրահանումները հետո կանեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր պատգամավորը, ձերբակալված Տեր-Աբրահամյանը Տավուշի միջադեպի սլաքները ԵԿՄ-ի կողմն են ուղղումԵրեկվանից հիվանդանոցում է պահեստազորի գնդապետ, ոսկեպարցի Միհրան Մախսուդյանը։ Կինը՝ Ռիտա Գրիգորյանը պատմեց՝ գանգուղեղային վնասվածք, սալջարդ է ստացել ոստիկանական բաժին տանելու ժամանակ։ Այժմ բժիշկների հսկողության տակ է. - «Իրեն մինչև բերել են ոստիկանություն, վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին ջուր է ուզել, օգնություն է ուզել»։
Իրավապահները դեռ չեն մանրամասնում՝ արդյո՞ք Մախսուդյանի հարցով քննություն անում են։ Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ հաղորդում դեռ չեն ստացել։
Մինչ այդ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ բռնությունը պետք է բացառել։
«Մենք հատուկ շեշտադրել ենք, որ այդ թվում՝ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցի հետ կապված, այդ թվում՝ իրավասու մարմինների կողմից պատշաճ քննության իրականացում», - նշեց նա։
Մանասյանն այս դեպքում նկատի ունի Երկրապահ կամավորականների միության անդամների գործողությունները։ Արդեն քանի օր է՝ ցուցարարներն ահազանգում են, որ երկրապահի Տավուշի ղեկավար Յուրիկ Հարությունյանն իր խմբով սադրում, կռիվներ է հրահրում։ Օրերս, ըստ ականատեսների, ԵԿՄ-ի մեքենան քշել էր ճանապարհը փակածների ուղղությամբ, իսկ երեկ էլ նույն այդ մեքենայով վրաերթի փորձ էր եղել։
Երկրապահ կամավորականների միության ղեկավար, իշխող կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, թե ինքը որևէ մարդու վրա հարձակվելու որևէ հրահանգ չի տվել, ավելին՝ ԵԿՄ-ի մեքենան են փորձում ջարդել ցուցարարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշում ոստիկանության ու ԵԿՄ-ի գործողությունները՝ կրկին քննադատությունների առիթՔննչական կոմիտեն պնդում է, թե հարուցված գործի շրջանակում նաև ԵԿՄ-ի դրվագն են ուսումնասիրում, բայց այդ գործողության համար դեռևս ձերբակալվածներ չկան։ Ձերբակալվածները հակառակ կողմից են՝ տավուշցիներին սատարելու գնացած «Մարտական եղբայրության» 7 անդամները, որոնցից մեկին՝ Արման Պետրոսյանին, դատարանն այսօր մեկամսյա կալանք տվեց խուլիգանության մեղադրանքով։
«Սա ինքնապաշտպանություն է, հետևաբար ցուցարարների, «Մարտական եղբայրության» անդամների, մասնավորապես Արման Պետրոսյանի գործողությունների մեջ չկա որևէ հանցակազմ», - նշեց «Մարտական եղբայրության» անդամ Ռուբեն Դալլաքյանը՝ պնդելով՝ Պետրոսյանն ընդամենը հակազդել է Երկրապահ կամավորականների միության անդամներին, որոնք պարբերաբար փորձում էին խոչընդոտել խաղաղ ցուցարարներին ու բացել փողոցը։
Նրա խոսքով՝ ոստիկանության անգործության պատճառով են ցուցարարները հայտնվել ԵԿՄ-ականների սադրանքների թիրախում։
«Փորձել են կանգնեցնել «Ուազ» մեքենան, փորձել են կանգնեցնել և այնպես անել, որ այդ մեքենան չքշի իրենց վրա։ Ցուցարարներից մեկ ուրիշի հասցրել է բանալին հանել, մյուս դուռը բացել, այսինքն՝ փորձում էին ինչ-որ մի կերպ այդ վտանգը չեզոքացնել իրենց հանդեպ», - ասաց նա։
«Մարտական եղբայրությունում» իրենց անդամների, այդ թվում՝ ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում են համարում։