Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը, ձերբակալված Տեր-Աբրահամյանը Տավուշի միջադեպի սլաքները ԵԿՄ-ի կողմն են ուղղում


Խուլիգանության կասկածանքով իրավապահները Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին երեկ բողոքի ակիցայի մասնակցած յոթ քաղաքացու են ձերբակալել, յոթն էլ «Մարտական եղբայրության» անդամներ են։ Նրանց թվում է նաև կառույցի ղեկավարը՝ ՀԱԿ նախկին անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Նա դեռ գիշերն էր Ֆեյսբուքի իր էջում գրել, որ կանգնեցրել են մեքենան, ստուգում են և, հավանաբար, իրեն էլ կտանեն բաժին։

Ճանապարհը փակելու պատճառ դարձավ Տավուշ - Ղազախ հատվածում սահմանի չորս հատվածներում սահմանի համաձայնեցման մասին Երևանի ու Բաքվի հայտարարությունը։

Մինչ Քննչականը փոխանցում է, թե ճանապարհը փակելու ընթացքում Այրումի մի բնակիչ մոտեցել ու պահանջել է բացել այն ու իր «Ուազ»-ով փորձել է առաջ շարժվել, իսկ քաղաքացիները խոչընդոտել են, Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հակառակն էր գրել, թե տեղում հայտնվել է Տավուշի երկրապահի ղեկավար Յուրիկ Հարությունյանն իր խմբով, սադրել, կռիվ հրահրել, իսկ նրա հրահանգով էլ մեքենան քշել են ճանապարհը փակածների ուղղությամբ։

«Մարտական եղբայրություն»-ը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, որ Հարությունյանը ճանապարհը փակածներին հորդորում է բացել այն, պահանջում չնկարահանել, հետո էլ, ըստ ականատեսների, հրահանգում է «Ուազ»-ը քշել մարդկանց վրա։

Մինչդեռ Քննչականը լրիվ հակառակն է պնդում իր հաղորդագրությունում և ընդգծում. «Մի խումբ քաղաքացիներ, մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում ձեռքերով հարվածել և կոտրել են «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի»: Իրավապահները նաև ուսումնասիրում են քաղաքացիների վրա «Ուազ»-ը քշելու դեպքի մանրամասները։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը քննադատում է ոստիկանությանը՝ ԵԿՄ զինվորականների գործողությունները չկանխելու համար։

«Ոստիկանությունը ոչ միայն չկատարեց խաղաղ ցուցարարներին պաշտպանելու իր օրինական պարտականությունը, այլև ինքը խախտեց մարդկանց` խաղաղ հավաք անելու կոնվենցիոն իրավունքը։ Ակնհայտ ապօրինի ու դատապարտելի է նաև «Մարտական եղբայրության»` խաղաղ ցուցարարի պահվածք դրսևորված Հրանտ Տեր-Աբրահամյանին ու Հովսեփ Ղազարյանին Երևան գալուց բռնելն ու բերման ենթարկելը», - Ֆեյսբուքում գրել է Իոաննիսյանը։

Միևնույն ժամանակ, ՔԿ-ն հաղորդում է, որ այս հատվածում ճանապարհը բացելուց հետո միջադեպ է տեղի ունեցել, որից տուժել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը վիճաբանության մեջ է մտել պատգամավորի հետ, հայհոյել, հարվածել նրան։

Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ԵԿՄ-ի ձեռքի գործն է։

«Տեղի ունեցածը խայտառակություն է, խայտառակություն է, որովհետև այսօր Երկրապահ կամավորական միությունը զբաղված է Տավուշում դիմադրություն ցույց տվող գյուղացիների՝ մեր հայրենակիցների, որոնք իրենց տան համար պայքարում են, պայքարում է այդ մարդկանց դեմ, բռնություն է գործադրում, փոխանակ սահմանները պահվի», - ասաց նա։

Երկրապահ կամավորական միությունից ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ «Ուազ»-ի միջադեպի առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, «Ազատության» հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարելու և հարվածներ հասցնելու հոդվածներով քրեական գործը միացվել է «Մարտական եղբայրության» անդամներին առնչվող գործին, այլ մանրամասներ Քննչականը դեռ չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG