Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու գործով խուլիգանության կասկածանքով օրերս ձերբակալված «Մարտական եղբայրության» 7 անդամներից մեկին՝ Արման Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։
Քննչական կոմիտեն փոխանցում է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորելու համար։ Մյուս 6 անձինք դեռ ձերբակալված են։
«Մարտական եղբայրություն»-ից փոխանցեցին, որ դատական նիստը սկսվել է դեռ մեկ ժամ առաջ։
«Դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի քննության առարկա են՝ միջադեպի բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով», - հաղորդում է Քննչականը։
Իր հերթին, «Մարտական եղբայրություն»-ից պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է, իրենք Տավուշ էին մեկնել տեղաբնակների խնդրանքով նրանց սատարելու և ընդամենը մասնակցել են խաղաղ ակցիայի։ Կազմակերպության անդամները պնդում են, որ իրավապահները պետք է սլաքներն ուղղեն Երկրապահ կամավորականների անդամների ուղղությամբ, որոնք սադրել, ահաբեկել են խաղաղ ցուցարարներին։
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների ուղղությամբ։ Իրավապահները պնդում են՝ այս դրվագը ևս ուսումնասիրում են, սակայն ԵԿՄ-ականներից որևէ մեկը ձերբակալված չէ։