Վարչապետը հուսով է՝ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Երևանի և Բաքվի միջև սահմանազատման արդյունքում արդյոք ադրբեջանական զորքերը դուրս կգան հայկական օկուպացված տարածքներից. երեկ բրիտանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետը միայն հույս հայտնեց, որ այդպես կլինի:

«Հայաստանի Հանրապետության 29 հազար 843 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս, կամ ավելի ճիշտ՝ սեփական, միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանը Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք պահում է օկուպացված, ընդ որում՝ դրա զգալի մասն ադրբեջանական զինուժը գրավել է 2020-ի պատերազմից հետո:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարել են, որ հետ գնալ չեն պատրաստվում: Երեկվա հարցազրույցում վարչապետը հինգ մարզերում 31 բնակավայրերի հողատարածքներից ու ռազմավարական բարձունքներից ադրբեջանցիների դուրս գալու հեռանկարից ոչինչ չասաց:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ ադրբեջանական զորքերը որևէ դեպքում զբաղեցրած դիրքերից հետ չեն գնա:

«Այդ առումով, կարծում եմ, հույս հայտնելն էլ լավատեսական երանգ կարելի է համարել, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ նմանատիպ հույսեր ունեն: Ես կարծում եմ, որ նրանք համակերպվել են այս իրավիճակի հետ և պատրաստ են նաև այդ զիջումների գնով փորձել հասնել խաղաղության: Այսինքն՝ նրանք համակերպվել են այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը այդ տարածքներից դուրս չի գալու, բայց ինչպես և օգտագործում են իրենց հաղորդակցային մարտավարության մեջ, հանրության հետ շփվելիս, նշում են, որ եթե չանենք այդ զիջումները, լինելու է պատերազմ, կորցնելու ենք ավելի մեծ տարածքներ, Իջևանն ենք կորցնելու և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Ալմաթիի հռչակագրի արձանագրումը այն մինիմալն էր, ինչ Հայաստանը կարող էր ստանալ»

Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանը ինչ-որ պահի չի մտցնի փակուղի, այն կլինի շարունակական, և ի վերջո ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքներից: Հարցին ՔՊ-ականներն ուղիղ չեն պատասխանում, բայց ասում են՝ կարևոր է, որ Բաքվի հետ կարողացել են համաձայնության հասնել սկզբունքի շուրջ, որ սահմանագծման հիմքում լինելու է Ալմաթիի հռչակագիրը:

«Շատ որոշակի է դառնում, որ Ալմաթիի հռչակագրի և խորհրդային վերջին շրջանների քարտեզների արձանագրմամբ, ընդհակառակը, շատ որոշակի է դառնում, որ այն տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այդտեղով պետք է արվի սահմանագծում այնպես, որ այդ տարածքները մնան Հայաստանի Հայաստանի Հանրապետության տիրապետության տակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Տիգրան Գրիգորյանը, մինչդեռ, համոզված է՝ «Ալմաթիի հռչակագրի արձանագրումը այն մինիմալն էր, ինչ Հայաստանը կարող էր ստանալ, և ավելի շատ դեմքը փրկելու միջոց է». - «Մենք տեսանք, որ կոնկրետ քարտեզների վերաբերյալ պայմանավորվածություն մինչ այսօր չկա: Ալմաթիի հռչակագրի վերաբերյալ հայտարարություն կար Պրահայում, դրանից հետո անընդհատ խոսում էին այն մասին, որ այդ փաստաթղթի հիման վրա գործընթացները պետք է ընթանան, բայց Ադրբեջանը շարունակում էր ու, կարծում եմ, շարունակելու է օկուպացնել Հայաստանի սուվերեն տարածքները»:

Այն, որ տևական բանակցություններից հետո Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է այդ սկզբունքի շուրջ հասնել համաձայնության, Սարգիս Խանդանյանը համարում է կարևոր ազդակ, որ գործընթացը կշարունակվի հենց այդ տրամաբանությամբ:

Հայաստանցի պաշտոնյաների այս ակնկալիքները գործնականում ոչինչ չեն փոխելու, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Պնդում է՝ Բաքուն իրականում սահմանազատմամբ հետաքրքրված չէ:

«Անկլավների հարցում ևս կարելի է ակնկալել ինչ-որ լուծումներ, բայց երբ խոսքը հասնի արդեն հարավում օկուպացրած տարածքներին, այստեղ, կարծում եմ, արդեն հստակ է, որ Ադրբեջանը կամ խոչընդոտելու է դելիմիտացիայի գործընթացը, կամ էլ ինչ-որ պատրվակներ է գտնելու՝ ընդհանրապես դուրս գալու այդ գործընթացից», - ընդգծեց քաղաքագետը:

Այն, որ այս փուլում ադրբեջանական զորքը հայկական տարածքներից դուրս չի գա, մոտ մեկ ամիս առաջ զգուշացրել էր նաև վարչապետը, երբ տավուշցիների հետ հանդիպման էր գնացել, բայց մարդկանց հուսադրել էր, թե այդպես Հայաստանը պահանջողի դերում կլինի:

Ի դեպ, մոտ երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի համոզմունքն այն էր, որ գործընթացը պետք է երկկողմանի լինի, իսկ Բաքուն, հենց վարչապետն էր խոստովանում, 31 գյուղերի տարածքներից հետ գնալու միտք չունի:

«Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան - Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ», - հայտարարել էր Փաշինյանը:

Այս հայտարարությունից հետո վարչապետը չի բացատրել՝ ինչու հայկական կողմը փոխեց դիրքորոշումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են ՀՀ բանակի բարեփոխումներին, մեզ անհանգստացնում են. Փաշինյան Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել. Փաշինյան