Մատչելիության հղումներ

Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարների խոսքով՝ իրենց ասվել է, որ այսօրվանից սահմանի փոփոխություններ կլինեն


Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները քիչ առաջ Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։

Նրանք դժգոհ են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից, ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած:

Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ:

Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։

Այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:

«Ազատություն»-ն ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է՝ ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:

Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում:

  • Ուրբաթ օրը հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։
  • Արդեն երեկ Տավուշում ականազերծման աշխատանքներ են ընթացել։ Պաշտպանության նախարարությունը հայտնեց Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին։

XS
SM
MD
LG