Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, հայտարարում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն ևս հայտնել էր, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում:
Այսօր առավոտվանից են ոստիկանները փակել ճանապարհը: Բնակիչները պահանջել էին բացել այն:
ԱԱԾ-ն այսօրվա հաղորդագրությամբ նաև շեշտում է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ հատված չի հանձնվելու Ադրբեջանին։ «Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին», - ասված է կառույցի հայտարարության մեջ:
Իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։