Խուլիգանության կասկածանքով իրավապահները Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին երեկ բողոքի ակիցայի մասնակցած յոթ քաղաքացու են ձերբակալել, յոթն էլ «Մարտական եղբայրության» անդամներ են։ Նրանց թվում է նաև կառույցի ղեկավարը՝ ՀԱԿ նախկին անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Նա դեռ գիշերն էր Ֆեյսբուքի իր էջում գրել, որ կանգնեցրել են մեքենան, ստուգում են և, հավանաբար, իրեն էլ կտանեն բաժին։
Ճանապարհը փակելու պատճառ դարձավ Տավուշ - Ղազախ հատվածում սահմանի չորս հատվածներում սահմանի համաձայնեցման մասին Երևանի ու Բաքվի հայտարարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշցիները մերժեցին ճանապարհը բացելու մարզպետի ու ՆԳ նախարարի խնդրանքըՄինչ Քննչականը փոխանցում է, թե ճանապարհը փակելու ընթացքում Այրումի մի բնակիչ մոտեցել ու պահանջել է բացել այն ու իր «Ուազ»-ով փորձել է առաջ շարժվել, իսկ քաղաքացիները խոչընդոտել են, Հրանտ Տեր-Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հակառակն էր գրել, թե տեղում հայտնվել է Տավուշի երկրապահի ղեկավար Յուրիկ Հարությունյանն իր խմբով, սադրել, կռիվ հրահրել, իսկ նրա հրահանգով էլ մեքենան քշել են ճանապարհը փակածների ուղղությամբ։
«Մարտական եղբայրություն»-ը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, որ Հարությունյանը ճանապարհը փակածներին հորդորում է բացել այն, պահանջում չնկարահանել, հետո էլ, ըստ ականատեսների, հրահանգում է «Ուազ»-ը քշել մարդկանց վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշում միջադեպերի առնչությամբ «Մարտական եղբայրության» 7 անդամ է ձերբակալվել. ՔԿՄինչդեռ Քննչականը լրիվ հակառակն է պնդում իր հաղորդագրությունում և ընդգծում. «Մի խումբ քաղաքացիներ, մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում ձեռքերով հարվածել և կոտրել են «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի»: Իրավապահները նաև ուսումնասիրում են քաղաքացիների վրա «Ուազ»-ը քշելու դեպքի մանրամասները։
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը քննադատում է ոստիկանությանը՝ ԵԿՄ զինվորականների գործողությունները չկանխելու համար։
«Ոստիկանությունը ոչ միայն չկատարեց խաղաղ ցուցարարներին պաշտպանելու իր օրինական պարտականությունը, այլև ինքը խախտեց մարդկանց` խաղաղ հավաք անելու կոնվենցիոն իրավունքը։ Ակնհայտ ապօրինի ու դատապարտելի է նաև «Մարտական եղբայրության»` խաղաղ ցուցարարի պահվածք դրսևորված Հրանտ Տեր-Աբրահամյանին ու Հովսեփ Ղազարյանին Երևան գալուց բռնելն ու բերման ենթարկելը», - Ֆեյսբուքում գրել է Իոաննիսյանը։
Միևնույն ժամանակ, ՔԿ-ն հաղորդում է, որ այս հատվածում ճանապարհը բացելուց հետո միջադեպ է տեղի ունեցել, որից տուժել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը վիճաբանության մեջ է մտել պատգամավորի հետ, հայհոյել, հարվածել նրան։
Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ԵԿՄ-ի ձեռքի գործն է։
«Տեղի ունեցածը խայտառակություն է, խայտառակություն է, որովհետև այսօր Երկրապահ կամավորական միությունը զբաղված է Տավուշում դիմադրություն ցույց տվող գյուղացիների՝ մեր հայրենակիցների, որոնք իրենց տան համար պայքարում են, պայքարում է այդ մարդկանց դեմ, բռնություն է գործադրում, փոխանակ սահմանները պահվի», - ասաց նա։
Երկրապահ կամավորական միությունից ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ «Ուազ»-ի միջադեպի առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, «Ազատության» հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարելու և հարվածներ հասցնելու հոդվածներով քրեական գործը միացվել է «Մարտական եղբայրության» անդամներին առնչվող գործին, այլ մանրամասներ Քննչականը դեռ չի հաղորդում։