«Մարտական եղբայրություն» ՀԿ-ի յոթ անդամ է ձերբակալվել Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Հաղթանակi «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամներ և մի խումբ այլ քաղաքացիներ փակել են միջպետական ավտոճանապարհը։ Մեկ այլ բնակիչ պահանջել է բացել այն, որից հետո իր «ՈՒԱԶ» ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, ըստ Քննչականի, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին՝ չեն թույլատրել:
Ըստ հաղորդագրության՝ մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են ավտոմեքենայի դիմապակին, ապա դիմել են փախուստի: Իսկ արդեն ճանապարհի բացվելուց հետո Մ․ Ա․-ն վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, ձեռքով հարվածել նրան և պատճառել մարմնական վնասվածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
- Նախորդ շաբաթ Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե նախնական համաձայնեցրել են՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
- Շաբաթ օրը տավուշցիները փակեցին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում պաշտոնյաների հետ։
- Կիրանցի գյուղապետը տեղեկացրել էր, որ երկուշաբթի օրը հանդիպում կլինի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։ Գյուղացիները բացել էին ճանապարհը՝ հույս հայտնելով, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։
- Երեկ առավոտյան ճանապարհը, սակայն, նորից փակվեց։ Կիրանցում էր «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը։ Նա փոխանցեց, որ հայկական կողմն ականազերծման աշխատանքներ է սկսել, դրա համար էլ բնակիչները դարձյալ ցույցի են դուրս եկել։