ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի լսումների ժամանակ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հենց սկզբից հայտարարեց, որ Ադրբեջանը, իհարկե, կարող է Հայաստանին ամեն ինչի մեջ մեղադրել, բայց չի կարող միջազգային դատարանի իրավասության սահմաններից դուրս հայց ներկայացնել։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում արդեն երկրորդ շաբաթն է՝ լսումներ են ընթանում։ Երևանն ու Բաքուն միմյանց դեմ գանգատ են ներկայացրել Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակում՝ իրար մեղադրելով ատելության քաղաքականություն վարելու համար։
Անցած շաբաթ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներին էին, այս շաբաթ արդեն դատարանը լսում է Ադրբեջանի հայցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըԱռարկելով Բաքվի պնդմանը, թե Հայաստանը տարածաշրջանում մի շարք խտրական գործողություններ է կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ ելնելով նրանց ազգային և էթնիկ ծագումից, Եղիշե Կիրակոսյանն այսօր Հաագայում հիշեցրեց, որ Ադրբեջանը խոսում է ղարաբաղյան առաջին պատերազմի՝ մինչև 1996 թվականին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի մասին։
«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը 30 տարի անց մեղադրանք առաջադրի ենթադրյալ խախտումների մասին, երբ շատ վկաներ մահացել են, շատ ապացույցներն՝ անհետացել», - նշել է նա։
Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ այդ նույն տարիներին Ադրբեջանն է էթնիկ հայերի նկատմամբ բռնություններ իրականացրեց. տասնյակ տարիներ առաջ ԼՂ-ում գյուղեր ու քաղաքներ են անհետացել։ Կիրակոսյանը հիշեցրեց, թե ինչի հանգեցրեց Բաքվի էթնիկ ատելության հռետորաբանությունը՝ Բաքվում, Սումգայիթում 80-ականների վերջին ու 90-ականներին։
«Այս ծրագրի ընթացքում ադրբեջանական ամբոխները սպանեցին, բռնաբարեցին, ողջակիզեցին 100-ավոր էթնիկ հայերի», - հայտարարել է Կիրակոսյանը:
Իր առարկությունների ընթացքում Կիրակոսյանը նկարագրեց բոլոր վայրագությունները, որոնք տեղի են ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում՝ ընդգծելով, որ հայկական կողմը հասկանում է՝ բերված փաստերը այս դատարանի իրավասության սահմաններից դուրս են։
«Հայկական կողմը չէր կարող ռասսայական խտրականություն ցուցաբերել ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր, հենց ըստ Ադրբեջանի՝ այլևս չէին էլ ապրում ԼՂ-ում», - նշել է Հայաստանի ներկայացուցիչը։
Վաղը Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը կներկայացնի հայցը և ևս երկու օր կողմերը հնարավորություն կունենան հանդես գալ ելույթներով։ Այս լսումներից հետո դատարանը կսկսի ուսումնասիրել կողմերի փաստարկները, հետո կանցնեն ապացույցներին և վերջում կհրապարակվեն վճիռները, ժամկետներ չեն նշվում: