ՀՀԿ-ն քննադատում է Ռուսաստանին, Հայաստանի իշխանությանը

ՀՀԿ տարբերանշանը, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մտահոգիչ և անհանգստացնող է համարում Արցախից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դուրսբերումը՝ «անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից»:

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով», - ասված է ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա հայտարարությունում: - «Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին»:

Զուգահեռաբար, ընդգծում է Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը, «անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին»: «Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տապալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից», - նշված է հայտարարությունում:

Վերստին պնդելով, որ «Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները», «ավելին՝ այն լեգիտիմ չէ», ՀՀԿ ԳՄ-ն շարունակում է. - «Այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը Երևանը դեռևս չի արձագանքել«Շատ սահմանափակ միջազգային ներկայությունը Արցախում զրոյի է հասցվում». ռուս խաղաղապահները հեռանում են ԼՂ-իցԿրեմլը հաստատում է խաղաղապահների դուրսբերման մեկնարկը Լեռնային Ղարաբաղից

Մյուս մանրամասները տե՛ս այստեղ