Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից, այս մասին հայտնում է ադրբեջանական APA պետական լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ խաղաղապահ զորախումբը վանքի «տարածքը լքել է ընդամենը մի քանի օր առաջ»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։
«Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է», - հավելում է APA գործակալությունը։
Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գերատեսչությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Մոտ տասն օր առաջ Ադրբեջանի Ականազերծման պետական գործակալության ղեկավար Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, որ «պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին»։