Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ինքը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։

«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանյան դիվանգիտության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ Երևանն ու Մոսկվան շարունակում են դաշնակիցներ մնալ, ընդ որում, ըստ Լավրովի, «ոչ միայն իրավաբանորեն»։

«Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Այս հայտարարություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Լավրովը այս մասին խոսում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ու Պուտինի երդմնակալության ֆոնին, որին Հայաստանն իր մասնակցությունն ու դրա ձևաչափը դեռ չի հաստատել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին մասնակցության հարցը քննարկվում է․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը՝ շարունակում ենք փոխգործակցությունը. Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առայժմ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Իր վերջին ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց, Հայաստանը դուրս կգա դաշինքից։

Այս ամսվա սկզբին ՀԱՊԿ-ից որոշեցին պատասխանել արդեն երկու տարի հնչող այս հարցին. անանուն պաշտոնյան ռուսաստանյան РБК-ին փոխանցել է՝ «ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտը համարում է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում»։

ՀԱՊԿ-ում, ըստ РБК-ի, նշել են, որ կազմակերպության պատասխանատվության տարածքն «ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգավորված է Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Երևանն էլ արձագանքեց՝ ակնկալում է, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես 2022թ. սեպտեմբերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ղեկավարությունը ռուս-հայկական հարաբերությունները փլուզելու կուրս է վարում. Լավրով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»