Առայժմ հայտնի չէ՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Ամեն դեպքում, վարչապետն այսօր խորհրդարանում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց, որ դեռ որոշում չի կայացրել:
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, Փաշինյանը պատասխանեց․ - «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» միասնական դիրքորոշում այս հարցի շուրջ չկա. մի մասը նշում էր, որ ճիշտ չէ, որպեսզի Փաշինյանը մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, ոմանք նշում էին, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և վարչապետը պետք է մասնակցի այդ միջոցառմանը:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ ասաց, որ ամեն դեպքում Փաշինյանի՝ երդմնակալությանը մասնակցելու կամ չմասնակցելու որոշմանը չպետք է աշխարհաքաղաքական աստառ տալ:
«Ազատության» հարցին՝ չգնալը չի՞ դիտվի, որ է՛լ ավելի է Հայաստանը խորացնում վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ, Խանդանյանը պատասխանեց. - «Մենք այստեղ շատ սովորական մտքեր կարող ենք արտահայտել, հետո Ռուսաստանից որոշ պաշտոնյաներ այդ մեկնաբանությունները որակեն որպես Ռուսաստանի դեմ ուղղված մեկնաբանություններ, կամ Հայաստանը կարող է ինչ-որ հանդիպման մասնակցել բարձր մակարդակում, և դա որակեն Ռուսաստանի դեմ: Այսինքն, եթե թողնենք մեկնաբանությունների դաշտին, այո, կարող է, բայց իրականության մեջ ես չեմ կարծում, որ նման սիմվոլիկ իրադարձությունների մասնակցությունը կամ չմասնակցելը պետք է դիտարկել որևէ.... այսինքն, աշխարհաքաղաքական աստառ տալ այդ հարցին»:
Ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ, կարծում են, որ վարչապետ Փաշինյանը պետք է մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը՝ անկախ երկու երկրների միջև գոյություն ունեցող խնդիրներից:
«Ներքուստ չէի ցանկանա գնալ, որպես Հայաստանի քաղաքացի, որ իմ երկիրը ներկայացներ մեկը, որ գլխարկը գլխին հանկարծ երդման արարողությանը վիզը ծռած ներկա չլիներ, ինչպես շատ հաճախ է անում Փաշինյանը, բայց քաղաքական առումով անհրաժեշտություն է: Այսինքն, նույնիսկ հարցականի տակ դնել դա՝ ինքնին խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության համար: Պետք է նկատի ունենալ, որ հակառակ եղած խնդիրներին, անհասկացողություններին, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց. - «Ես լինեի՝ կգնայի, եթե ինքը գնացել է Էրդողանի երդմնակալությանը և նստել է ճիշտ Ալիևի հետևը, եթե էդ ստորացմանը ենթարկվել է, ես կարծում եմ՝ կարող է Պուտինի երդմնակալությանը գնալ»:
Ի դեպ, հայ-ռուսական լարված հարաբերությունը ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ առաջիկայում Փաշինյանը և Պուտինը երկկողմ խնդիրները քննարկելու հնարավորություն կունենան, թե ե՞րբ է այդ հնարավորություն ստեղծվելու, Պեսկովը չէր մանրամասնել:
Ամեն դեպքում առաջիկայում երկու միջոցառում է նախատեսված, մեկը Պուտինի երդմնակալությունը և մյուսը՝ մայիսի 8-ին ԵԱՏՄ գագաթնաժողովը: Երկու միջոցառումներին էլ առայժմ պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը մասնակցելու է, թե՝ ոչ: