«Երեք ԱԹՍ Սպահանի օդում»․ իսրայելական հարվածներ Իրանին․ Reuters

Իսրայելը հարվածել է Իրանին, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երեք անձանց։

Իրանական պետական լրատվամիջոցները ուրբաթ վաղ առավոտյան հայտնել են, որ իրանական ուժերն անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Իրանին՝ Իրսայելի հասցրած հարվածներից օրեր անց։

Reuters-ի աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ այս հարվածներում, սակայն հարձակման մասին ծանուցվել է։

Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երեք պայթյուն է լսվել կենտրոնական Սպահան քաղաքի բանակային բազայի մոտ: Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հրթիռային հարձակում չի եղել, և պայթյունները եղել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման հետևանք։

Իրանի պետական հեռուստատեսությունն իր հերթին հաղորդել է, որ կեսգիշերից անմիջապես հետո «Սպահանի երկնքում երեք անօդաչու թռչող սարք է նկատվել։ ՀՕՊ համակարգը երկնքում խոցել է ԱԹՍ-ները։ Ավելի ուշ հաղորդվել է, որ իրավիճակը Սպահանում նորմալ է, գետնի վրա պայթյուններ չեն եղել:

Իսրայելի ուժայինները չեն արձագանքել այս հայտարարություններին։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանն ու Իսրայելը շարունակում են սպառնալիքներ փոխանակել