Ֆրանս - ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Դիվանագիտական կտրուկ քայլի պատճառն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության, «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջՓարիզը մանրամասներ չի հայտնում, բայց շեշտում է՝ խնդիրը քննարկվել է Ելիսեյան պալատի ղեկավարի մակարդակով, տեղեկացնելով, որ նախօրեին նախագահ Մակրոնն ընդունել է դեսպան Անն Բուայոնին և «ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ, ցանկություն հայտնել լսել ադրբեջանական կողմի պարզաբանումը»։
Մինչ այս պահը հայտնի չէ՝ արդյոք Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է կամ կկանչվի Ֆրանսիայի արտգործնախարարություն՝ նախագահ Մակրոնի ակնկալած պարզաբանումները հնչեցնելու։
Դեսպան Աբդուլաևային Բաքու վերադարձնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը չի հաղորդում՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ պատասխան մեղադրանքների տեսքով. Ֆրանսիան զինում է Հայաստանին, միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ փաստաթղթեր է նախաձեռնում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող բանաձևեր ընդունում, թվարկել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն. - «Մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին ընդամենը պատասխան էին այդ երկրի ապակառուցողական գործունեությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փարիզը լրջորեն խաթարել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը»․ ՀաջիզադեՖրանս - ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվել են 44-օրյա պատերազմից ի վեր։ Փարիզը պարբերաբար քննադատել է Ալիևի վարչակազմին, միաժամանակ, սակայն, խուսափել պատժամիջոցներ կիրառելուց՝ թեև նման պահանջ հնչեցվել է ընդհուպ Մակրոնի մերձավոր թիմակիցների կողմից, այդ թվում՝ երկկողմ դիվանագիտական սկանդալների ֆոնին:
Անցած դեկտեմբերին Ադրբեջանի իշխանություններն արտաքսեցին ֆրանսիացի երկու դիվանագետի՝ նրանց մեղադրելով ապօրինի գործողությունների մեջ, որևէ փաստ այդպես էլ չհրապարակվեց։ Փարիզը հերքեց մեղադրանքներն ու իր հերթին Ֆրանսիայից արտաքսեց երկու ադրբեջանցի դիվանագետի:
Մինչ մամուլն ապարդյուն փորձում էր պարզել, թե ինչ է թաքնված դիվանագիտական այս դեմարշի ետևում, Բաքուն հաղորդեց լրտեսության մեղադրանքով կալանավորված Ֆրանսիայի քաղաքացու մասին։ Հունվարից ադրբեջանական բանտում պահվող ֆրանսիացի գործարարին վերագրվող հանցանքի մասին կողմերը ոչինչ չեն հաղորդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքովՓոխարենը, Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևը կրկին առանց փակագծեր բացելու հայտարարեց՝ ֆրանսիական հատուկ ծառայությունները Ադրբեջանում փորձում են լրտեսական ցանց ստեղծել: Լրտեսությունից բացի, Բաքուն Փարիզին մեղադրում է նաև իսլամաֆոբիայի, ռասիզմի, կայսերականության մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի հասցեինԱլիևը վերջին շրջանում պարբերաբար Բաքու է հրավիրում ֆրանսիական նախկին գաղութների ներկայացուցիչների, որոնք պատմում են Փարիզի ճնշումների մասին, ինչն էլ լայնորեն լուսաբանում է ադրբեջանական պետական մեդիան:
Ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Գասըմլիի համոզմամբ՝ Փարիզը նաև հակաֆրանսիական քարոզչության պատճառով է դիմել դիվանագիտական կտրուկ քայլի:
Ըստ Գասըմլիի՝ մյուս պատճառն էլ հայ - ադրբեջանական գործընթացներն են. - «Նրանք դեռ սպասում են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը, խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Վստահ եմ, որ Ադրբեջանը խնդիր ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև՝ Միացյալ Նահանգների հետ, և պատճառը Զանգեզուրի միջանցքն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի չստորագրումն է»
Արդյո՞ք վտանգված է նաև Ադրբեջանի և իր առևտրային առաջատար գործընկերոջ միջև տնտեսական համագործակցությունը: Ֆրանսիական խոշորագույն ընկերությունը, հիշեցնենք, նաև Ադրբեջանի էներգետիկ ոլորտում է գործունեություն ծավալում։
Ադրբեջանցի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը մտավախություն ունի, որ Բաքուն ի վերջո կբախվի պատժամիջոցների՝ նկատելով, որ կոնկրետ Փարիզի հետ հարաբերություններում գործ ունի Եվրամիությունում որոշում կայացնող երկրի հետ:
«Ֆրանսիան ոչինչ չի կորցնում այդ հարաբերությունների վատթարացումից: Բայց Ադրբեջանի համար դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել: Պատժամիջոցների հարցը երկար ժամանակ է ինչ օրակարգում է, կարծում եմ, որ նման վտանգ կա, և թիրախում կարող են հայտնվել, օրինակ, նավթն ու գազը», - հայտարարել է Մամեդովը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անցած շաբաթներին խոսելով ֆրանս - ադրբեջանական լարվածությունից փաստել էր՝ երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, սակայն տնտեսական համագործակցության ոլորտում ռիսկեր չկան: