Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին Թեհրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի նկատմամբ գործողությունից, վստահեցնելով, որ Վաշինգտոնն առանց վերապահումների միանշանակ կսատարի Իսրայելին:
«Մենք կօգնենք Իսրայելին, և Իրանը հաջողության չի հասնի»,- ասել է Բայդենը:
Իսրայելում ենթադրում են, որ Իրանն առաջիկա ժամերին կամ օրերին հարված կհասցնի՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծման, որի հետևանքով սպանվել են իրանցի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ երկու գեներալ:
Իրանը սպառնացել է վրեժ լուծել, սակայն չի հայտնել, թե երբ և ինչ եղանակով դա կիրագործի:
Մի շարք պետություններ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը և Ռուսաստանը, քաղաքացիներին կոչ են արել չմեկնել տարածաշրջան: Իսրայելը հայտարարել է, թե պատրաստ է հետ մղել Իրանի հնարավոր գրոհը և սպառնացել է, որ այն անպատասխան չի թողնի: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և փաստացի ղեկավար այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ «Իսրայելը պետք է պատժվի, քանի որ հարձակումը հյուպատոսարանի վրա հավասարազոր է հարձակման Իրանի ինքնիշխան տարածքի վրա»։