ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հայտարարել է՝ սպասվում է, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա «ավելի շատ շուտ, քան ուշ», և զգուշացրել է Թեհրանին չանել դա։
Լրագրողների հարցին Իրանին ուղղված իր ուղերձի մասին՝ Բայդենը պարզապես ասել է՝ «մի՛ արեք», ընդգծել Իսրայելը պաշտպանելու Վաշինգտոնի հանձնառությունը:
«Մենք նվիրված ենք Իսրայելի պաշտպանությանը, մենք կաջակցենք Իսրայելին, մենք կօգնենք պաշտպանել Իսրայելը, և Իրանը հաջողություն չի ունենա»,- ասել է նա։
Իսրայելին ուղղված սպառնալիքներն աճել են Դամասկոսում անցած շաբաթ Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակումից հետո։
- Իսրայելը չի ստանձնել ապրիլի 1-ի ավիահարվածի պատասխանատվությունը: Սակայն, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի այն գործողության համար, որը, նրա կարծիքով, համարժեք է իրանական հողի վրա հարձակմանը:
- Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Իրանի կողմից Իսրայելի վրա ենթադրաբար մոտալուտ հարձակումը իրական և կենսունակ սպառնալիք է, սակայն մանրամասներ չի հայտնել հնարավոր ժամկետների մասին:
- Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության վրա գրոհի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ: Իրանը խոստացել է պատասխանել այս հարձակմանը, սակայն չի հստակեցրել, թե երբ և ինչպես դա կանի:
- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին ասել է, թե որևէ գործողություն անպատասխան չի մնա՝ անկախ այն բանից, թե որտեղից է այն գալու: