Փոխարտգործնախարարը Մինսկում խոսել է Ալմա-Աթայի հռչակագրի ու «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստ Մինսկում, 12-ը ապրիլի, 2024թ.

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին ընդգծել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։

Նախագիծը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքուն մինչ օրս դիրքորոշում չի հայտնել։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ շեշտվել է նաև ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարևորությունը։ Բաքվի հետ բանակցություններում Երևանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հենց Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մինսկ չի մեկնել, Հայաստանը ԱՊՀ նիստին մասնակցել է փոխարտգործնախարարի մակարդակով։

  • Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստում ընդունված որոշումների մասին, հայտնել է՝ 2025 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք կհռչակվի ադրբեջանական Գյանջան։
  • ԱՊՀ երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը որոշվել է անցկացնել հոկտեմբերի 7-ին Մոսկվայում։
  • ԱՊՀ-ն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին, երբ փլուզվեց նախկին Խորհրդային միությունը։ Կառույցում հիմա 9 անդամ կա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ ԱԳ նախարարների նիստում որոշվել է 2025-ի սպորտային մայրաքաղաք հռչակել Գյանջան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խրամատից խրամատ են վազում մարտի ժամանակ». ինչո՞ւ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ նիստին