Ռուսական պետական ալիքները Crocus City Hall-ի հարձակման մեջ մեղադրվողների հարցաքննությունների կադրեր են հրապարակել, որոնցում մեղադրյալներն ասում են, թե հարձակումից հետո իրենք ուղևորվում էին Կիև, որտեղ պետք է վարձատրվեին ահաբեկչությունը կատարելու համար, ընդ որում՝ բոլորն էլ խոսում են համեստ գումարի՝ յուրաքանչյուրին 1 միլիոն ռուբլու կամ մոտ 10 հազար դոլարի մասին։
Մինչ պաշտոնական Կիևը հերքել է իր կապը ահաբեկչության հետ, իսկ դրա պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, կադրերում երևացող մարդիկ փաստացի հաստատում են Մոսկվայի պաշտոնական վարկածը։
Կասկածյալներից մեկի խոսքով՝ Crocus-ի վրա հարձակման մասնակիցների գործողություններն իբր համակարգել է «Սայֆուլո» անունով մի մարդ, ով իրենց ասել է, որ խոստացված միլիոն ռուբլին իրենց Կիևում կվճարեն։
Ահաբեկչության մեջ մեղադրվող մեկ այլ տղամարդ էլ պատմել է, թե իբր «Սայֆուլոն» իրենց խոստացել է, որ Ուկրաինայի հետ սահմանին իրենց մարդ է սպասելու, ով օգնելու է հասնել Կիև։
Ռուսական ալիքները պնդում են նաև, որ խուզարկությունների ժամանակ մեղադրյալների հեռախոսներում իբր հայտնաբերվել են ուկրաինական խորհրդանիշներով լուսանկարներ։
Ահաբեկչության բոլոր անմիջական մասնակիցները, իրավապահների պնդմամբ, կալանավորվել են։ Դատարանի կադրերից պարզ դարձավ, որ նրանք բոլորը դաժան խոշտանգումների էին ենթարկվել, մեկի ականջն էին կտրել, երկրորդին՝ էլեկտրահարել, մյուսի դեմքին դաժան ծեծի հետքեր էին։ Ընդ որում՝ խոշտանգումները նկարահանվել էին ու տարածվել համացանցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի քննչականը պնդում է, թե իր հրապարակած կադրերը կարող են վկայել ահաբեկչության և պատերազմի միջև կապի մասինԴատարանը ձերբակալել է նաև յոթ այլ անձի, ովքեր կասկածվում են հարձակմանը մասնակցելու մեջ։
Վերջին 20 տարում Ռուսաստանում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 144 մարդ։ Ու չնայած փաստին, որ «Իսլամական պետություն»-ը ստանձնել է դրա պատասխանատվությունը, իսկ Միացյալ Նահանգները հարձակումից մեկ շաբաթ առաջ զգուշացրել էր ռուսական կողմին դրա հնարավորության մասին ու կոնկրետ վայրը նշել, Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Պուտինը, շարունակում են պնդել, որ հարձակման մեջ եղել է «ուկրաինական հետք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ հետախուզությունը զգուշացման մեջ նշել է «Կրոկուս»-ը՝ որպես ահաբեկչության հնարավոր վայր. ԶԼՄ-ներՌԴ քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ հետաքննություն է սկսել «Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և արևմտյան այլ երկրների կողմից ահաբեկչական գործողությունների հնարավոր կազմակերպման, ֆինանսավորման և իրականացման վերաբերյալ»:
Բայց Bloomberg-ն իր աղբյուրներին հղում անելով գրում է, որ ռուսական քաղաքական և բիզնես էլիտան չի հավատում, թե Ուկրաինան է կազմակերպել ահաբեկչությունը։ Ու թեև ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին պնդումները Ռուսաստանում հնչում են բոլոր հարթակներից, իսկ Պուտինն էլ շաբաթավերջին հայտարարել էր, թե ծայրահեղ իսլամիստները ռուսներին ատելու որևէ պատճառ չունեն և չէին կարող ահաբեկչություն կազմակերպել Ռուսաստանում, քանի որ այդ երկրում չկա ազգային կամ կրոնական խտրականություն, Ռուսաստանում զգալիորեն վատացել է Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների նկատմամբ վերաբերմունքը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ նշում են, որ տաքսիների հաճախորդները Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում սկսել են հետաքրքրվել վարորդների ազգությամբ և չեղարկել պատվերները, եթե տաջիկստանցի է մեքենա վարում։ Անվտանգության ուժերն էլ իրենց հերթին ռեյդեր են իրականացնում ճանապարհներին, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները ենթարկվում են հատուկ ստուգումների։
Ղրղըզստանից միգրանտ տաքսու վարորդը պատմում է, որ վերջին շաբաթների ընթացքում ավելի ու ավելի շատ է բախվում խտրականության. ուղևորները զանգվածաբար հրաժարվում են պատվերներից, երբ տեսնում են իր անունը:
«Ահա, նայեք՝ չեղարկում, չեղարկում: Ահա թե ինչպես են ազդել վերջին իրադարձությունները մեզ վրա: Ռուսներին չի հետաքրքրում՝ տաջիկներ, ուզբեկներ: Մենք բոլորս միգրանտներ ենք: Բոլորս նույն ոչ սլավոնական արտաքինն ունենք», - նշում է Բեկը:
Իրավապաշտպանները հաստատում են, որ ճնշումը միգրանտների վրա կտրուկ աճել է, և պնդում են, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանից արտաքսումների ռեկորդային թիվ է գրանցվել։