Մատչելիության հղումներ

Մոսկվան պաշտոնապես Կիևին մեղադրեց Crocus-ի ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ


Ռուսաստան, Մոսկվա - Crocus City Hall-ը մարտի 22-ի ահաբեկչությունից հետո
Ռուսաստան, Մոսկվա - Crocus City Hall-ը մարտի 22-ի ահաբեկչությունից հետո

144 մարդու կյանք խլած հարձակումից մեկ շաբաթ անց Մոսկվան պաշտոնապես Կիևին մեղադրեց ահաբեկչությանը մասնակից լինելու համար, թեև «Իսլամական պետություն»-ն էր ստանձնել պատասխանատվությունը, իսկ Կիևը՝ կտրականապես հերքել իր առնչությունը։

«Ռուսական իրավասու մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունները ցույց են տալիս, որ այս բոլոր հանցագործությունների հետքերը տանում են դեպի Ուկրաինա». - երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և Ռուսաստանին հանձնել ահաբեկչական գործողությունների մասնակիցներին։ Թե կոնկրետ ում են պահանջում և ինչ ապացույցներ ունեն Կիևի դեմ, պաշտոնական Մոսկվան չի ներկայացրել։ Ընդ որում՝ արտաքին գերատեսչությունը վկայակոչել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնվենցիաները և սպառնացել Ուկրաինային «միջազգային իրավական պատասխանատվությամբ», եթե Կիևը չկատարի Մոսկվայի պահանջները։

Crocus City Holl-ի ահաբեկչությունից ժամեր անց դրա պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետություն»-ը տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, որ այն նկարահանվել է անմիջապես հարձակման ժամանակ, ենթադրաբար՝ զինյալներից մեկի կողմից:

Իսկ իրավապահները Տաջիկստանի չորս քաղաքացիների էին ձերբակալել Crocus City Hall-ի վրա հարձակվելու կասկածանքով։ Ռուս քննիչները Կիևի նկատմամբ կասկածները հիմնավորում են այն հանգամանքով, որ հարձակումից հետո նրանք Մոսկվայից շարժվում էին դեպի Ուկրաինայի սահման։ Պնդում են նաև, թե այս մարդիկ շփվել են ուկրաինացի ազգայնականների հետ և նրանցից կրիպտոարժույթով գումար ստացել, բայց ապացույցներ չեն ներկայացնում։

Պաշտոնական Մոսկվան պահանջել է նաև ձերբակալել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին, ում մեղադրել է Ղրիմի կամրջի պայթեցման համար։ ԱԳՆ-ը հայտնել է, թե Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել Ուկրաինայի քաղաքացիներին ձերբակալելու և Մինսկի միջոցով Ռուսաստանին հանձնելու պահանջը, սակայն բացի Մալյուկից այլ անուններ չի նշել։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, պատասխանելով ռուսական կողմին, նշել է, թե Ռուսաստանը, դիմելով միջազգային իրավունքի նորմերին, «մոռանում է, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է պաշտոնապես հայտնվել միջազգային հետախուզման մեջ. մասնավորապես, նրան սպասում են Հաագայի դատարանում՝ ուկրաինացի երեխաների առևանգելու գործով»:

«Ահաբեկչության մասին հայտարարությունները հատկապես ցինիկ են հենց ահաբեկչական երկրի կողմից՝ Բուչայի ազատագրման տարեդարձի և այնտեղ ռուսների կողմից իրականացված վայրագությունների ֆոնին», - ասված է հաղորդագրությունում:

Ուկրաինական իշխանություններն ահաբեկչության հենց առաջին ժամերից էին հերքել իրենց մասնակցությունը, իսկ արևմտյան երկրները նախազգուշացրել էին Ռուսաստանին, որ չփորձի պատասխանատվությունը դնել Կիևի վրա, հայտարարելով, որ Մոսկվան այդ վարկածի օգտին ապացույցներ չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG