Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է, թե ուկրաինական հատուկ ծառայությունները կապ ունեն ահաբեկչության հետ


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն իբր «նպաստել են» մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է առնվազն 139 մարդ:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Մոսկվայում՝ Բորտնիկովը միաժամանակ նշել է, որ հետաքննությունը դեռ չի պարզել՝ ով է պատվիրել հարձակումը, ովքեր են հեղինակները։ Այդուհանդերձ, Բորտնիկովը համոզմունք է հայտնել, թե ուկրաինական հատուկ ծառայությունները կապ ունեն ահաբեկչության հետ։ Որպես փաստարկ նա պնդել է, թե իբր ահաբեկչության մեջ կասկածվողները, փորձելով փախուստի դիմել, մեքենայով ուղևորվել են դեպի Ուկրաինա, և որ իբր Ուկրաինան «գրոհայիններ է պատրաստել Մերձավոր Արևելքում»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ուկրաինական հետախուզական ծառայության ղեկավար Կիրիլ Բուդանովը «օրինական թիրախ» է, ռուսաստանյան ուժային կառույցի ղեկավարը հայտարարել է՝ բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում «Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների դեմ», օրինական թիրախ են։

«Ինչո՞ւ են դեռ ողջ», հարցին պատասխանել է՝ «ամեն ինչ առջևում է»։

Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը ահաբեկչությանը։ Կիևը հայտարարել է, թե նման մեղադրանքներով Մոսկվան փորձում է արդարացնել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը։ ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ հայտարարել են, որ հարձակմանը Ուկրաինայի մասնակցության որևէ ապացույց չկա, պնդելով, որ հիմքեր չկան կասկածելու, որ հարձակման ետևում «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղն է կանգնած:

Բորտնիկովը այսօր նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանին տեղեկատվություն է փոխանցել ահաբեկչության նախապատրաստման մասին, սակայն ռուսաստանցի պաշտոնյան այդ տեղեկատվությունը գնահատել է որպես «ընդհանուր բնույթի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG