Վան քաղաքում ցույցեր են տեղի ունեցել, բախումներ, քաշքշոց ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանական ուժերը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Պատճառը կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Վանում ստեղծված իրավիճակն է։
Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանն ստացել է ընտրողների քվեների 55,5 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլա Արվասը՝ 27 տոկոս, բայց նա է դառնում քաղաքապետ։
Ըստ Վանի ընտրական հանձնաժողովի փաստաթղթի, որը «Ռոյթերսը» տեսել է, քաղաքապետի մանդատը ստանում է Զեյդանից երկու անգամ քիչ ձայներ ստացած, երկրորդ տեղը գրաված «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության թեկնածուն։
Վանի ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին նման որոշում է կայացրել, այն բողոքարկելու համար 3 օր ժամանակ կա, և քրդամետ կուսակցությունն արդեն գրավոր բողոք է ուղարկել ընտրական բարձրագույն հանձնաժողովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է խոշորագույն քաղաքներում«Սա քաղաքական հեղաշրջում է, այս հեղաշրջման դեմ մենք կանգնելու ենք միասին»
Անցած ուրբաթ, աշխատանքային ժամի ավարտից 5 րոպե, իսկ քվեարկության մեկնարկից մեկուկես օր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը քրդամետ կուսակցությանը նամակով տեղեկացրել է, որ առարկություններ ունի Զեյդանի թեկնածության դեմ, այնուհետև դատարանը որոշում է կայացել, որ նա չի կարող մասնակցել ընտրություններին։
Զեյդանը 2016 թվականի նոյեմբերին ձերբակալվել էր ահաբեկչության մեղադրանքով և մինչև 2023 թվականի հունվարը բանտարկված է եղել։
«Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Թունջեր Բաքիրհանը Անկարայում հայտարարել է, որ Վանի բնակիչները ընտրություններում ցուցադրել են իրենց կամքը ու այն կատարելուց և հաշվի առնելուց բացի այլ տարբերակ չկա։
«Սա քաղաքական հեղաշրջում է։ Այս հեղաշրջման դեմ մենք կանգնելու ենք միասին, Թուրքիայի բոլոր քրդերը, աշխատավորներն ու աղքատ ժողովուրդը։ Մենք չենք ընդունի այս հեղաշրջումը, - հայտարարել է քրդամետ կուսակցության առաջնորդը։
Երեկ երեկոյան բախումներ են տեղի ունեցել նաև Ստամբուլում և քրդաբնակ մի շարք այլ շրջաններում։
Ընտրությունների արդյունքները չեղարկվել են քրդաբնակ Շանլուրֆայում։ Տեղական ընտրական հանձնաժողովը, չեղարկելով քաղաքապետի պաշտոնի համար քրդամետ թեկնածուի հաղթանակը, հունիսի 2-ին կրկնակի ընտրություններ է նշանակել։
Իշխանությունների պնդմամբ՝ քրդամետ թեկնածուների հաղթնակները չեղարկվել են քարոզարշավի և քվեարկության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների պատճառով։
Թուրքական պետությունը ճնշում է քրդամետ քաղաքական շարժումները՝ սովորաբար նրանց մեղադրելով քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ։
Քրդամետ քաղաքական ուժը Թուրքիայի խորհրդարանում երրորդ խոշոր խմբակցությունն է։
Էրդողանը հանդիպել է կուսակցության գործադիր խորհրդի անդամների հետ՝ քննարկելու պարտության պատճառները
Ինչ վերաբերում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների ընդհանուր պատկերին, ապա անցած տարվա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հաղթանակներից հետո Էրդողանի կուսակցությունն այս անգամ պարտություն է կրել։ Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետականը հաղթել է գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մեգապոլիս Ստամբուլում ու մայրաքաղաք Անկարայում։
Էրդողանը երեկ հանդիպել է կուսակցության գործադիր կենտրոնական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու և վերլուծելու պարտության պատճառները։ ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքում իշխող կուսակցությունը 35,5 տոկոս ձայն է ստացել՝ ավելի քան 2-2,5 տոկոսով զիջելով ընդդիմությանը։ 2002 թվականից հետո տեղի ունեցած ընտրություններում իշխող կուսակցությունն առաջին անգամ առաջին տեղում չէ։
Քվեարկությունից հետո Ռեջեփ Էրդողանն ընդունել էր անհաջողությունը, ասել, որ կվերլուծեն պատճառները, անհրաժեշտ քայլեր կկատարեն և ընդգծել, որ առաջիկա 4 տարիներին Թուրքիայում ընտրություններ չեն լինելու։
Ժողովրդա-հանրապետականները ընդհանուր առմամբ 38 տոկոս ձայն են ստացել, հաղթելով 14 քաղաքներում և 21 նահանգներում։ 1977 թվականից հետո նրանք այսպիսի մեծ հաջողության չէին հասել։ Այնուհանդերձ կուսակցության առաջնորդը վաղաժամկետ ընտրությունների կոչ չի անում։
«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, դա կորոշի ժողովուրդը։ Ես նման կոչ չեմ անում», - Sözcü թերթի հարցազրույցում ասել է Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Օզգյուր Օզելը։