Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է խոշորագույն քաղաքներում


Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության աջակիցները Ստամբուլում տոնում են իրենց նախնական հաղթանակը, 31-ը մարտի, 2024թ.
Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության աջակիցները Ստամբուլում տոնում են իրենց նախնական հաղթանակը, 31-ը մարտի, 2024թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Համաձայն TRT պետական հեռուստաալիքի վերջին տվյալների՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստանում է ձայների 37,35 տոկոսը, իշխող ԱԶԿ-ը՝ 35,75 տոկոսը։ 81 գավառներից Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հաղթում է 36-ում, հաղորդել է Anadolu պետական լրատվական գործակալությունը:

Ընդդիմությունը հաղթում է երկրի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում և Ստամբուլում։

Լրատվամիջոցները նշում են, որ սա Էրդողանի և նրա կուսակցության ամենախոշոր պարտությունն է իշխանության ղեկին գտնվելու ավելի քան երկու տասնամյակում:

«2023 թվականի մայիսին [ընդհանուր և նախագահական] ընտրություններում մեր հաղթանակից ինն ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և ակնկալում էինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա հայտարարել է, որ դա «վերջը չէ, այլ՝ շրջադարձային կետ»։ ԱԶԿ-ն, ըստ Էրդողանի, կանի անհրաժեշտ հետևություններ, կվերլուծի տեղի ունեցածը և կուղղի թույլ տված սխալները։

Էրդողանի խոսքով՝ ինքը և իր կուսակցությունը չեն անտեսի ժողովրդի կամքի դրսևորման արդյունքները։

Կուսակցությունների առաջնորդներն ու թեկնածուներն արդեն հայտարարել են հաղթանակի մասին կամ ընդունել են իրենց պարտությունը։ Անկարայի և Ստամբուլի գործող քաղաքապետեր Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօղլուն փաստացի տոնել են ընտրություններում իրենց հաղթանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG