Երեկ երեկոյան Ստամբուլում և Թուրքիայի քրդաբնակ մի շարք շրջաններում բախումներ են սկիզբ առել ցուցարարների և ոստիկանության միջև։
Իրավիճակը սրվել է, երբ թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տոկոսով Վանի քաղաքապետի պաշտոնում ընտրված «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանի հաղթանակը։ Նրա փոխարեն ընտրված քաղաքապետ է հռչակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն, որը մարտի 31-ին ստացել էր քվեների ընդամենը 27 տոկոսը։
Ընտրությունների արդյունքները չեղարկվել են քրդական հոծ բնակչություն ունեցող ևս մեկ քաղաքում՝ Շանլըուրֆայում։ Reuters-ի հաղորդման համաձայն՝ տեղական ընտրական հանձնաժողովը չեղարկել է քաղաքապետի քրդամետ թեկնածուի հաղթանակը՝ հունիսի 2-ին Շանլըուրֆայում կրկնական ընտրություններ նշանակելով։
Իշխանությունների պնդմամբ՝ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության» թեկնածուների հաղթանակները չեղարկվել են քարոզարշավի և քվեարկության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումների պատճառով։