«Ո՞րն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում. էդ հարցի պատասխանը չենք ստացել», - հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը նշեց՝ որ դեպքում կլուծվեն ՀԱՊԿ-ի հետ խնդիրները, հակառակ պարագայում «ՀՀ-ն դուրս կգա»ՀԱՊԿ-ից որոշել են պատասխանել արդեն երկու տարի հնչող այս հարցին. անանուն պաշտոնյան ռուսաստանյան РБК-ին փոխանցել է՝ «ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտը համարում է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում»։
«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի հանրապետությունում ուշադրություն հրավիրել տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքն անդամ երկրների ինքնիշխան տարածքն է», - նշել է ՀԱՊԿ պաշտոնյան:
Հիշատակված փաստաթուղթը 2010-ին Մոսկվայում կնքված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։
ՀԱՊԿ-ում, ըստ РБК-ի, նշել են, որ կազմակերպության պատասխանատվության տարածքն «ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգավորված է Հայաստանի և նրա հարևանների միջև»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում պատասխանատվության գոտին «երկկողմանի կարգավորված» պետական սահմաններում է. ՀԱՊԿ«Ցույց չի տրվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, և էսօր էլ էդ հարցը սեղանին դրված է». - ռազմական դաշինքում Հայաստանի մնալ-չմնալը վերջին՝ մարտի 12-ի իր ասուլիսում վարչապետ Փաշինյանը հենց այս հարցի պատասխանով էր պայմանավորել։
Հայտարարությանը նախորդել էին 2021-ի ու 22-ի հայ - ադրբեջանական բախումները, որոնց ժամանակ ՀԱՊԿ-ից Երևանի աջակցության խնդրանքները անարձագանք մնացին։
Ի պատասխան՝ Երևանն անցյալ տարի բոյկոտեց թե՛ բարձր մակարդակի հանդիպումները, թե՛ զորավարժությունները։
«Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի էդ հարցին, և էդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, էդ կնշանակի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են, լուծված են, ամփոփված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ե՞րբ՝ չեմ կարող ասել», - անցած ամիս ասուլիսի ժամանակ նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունից կամ Արտգործնախարարությունից արձագանք այս հայտարարությանը դեռ չկա՝ արդյոք բավարարվա՞ծ են այնքան, որ կչեղարկեն, ինչպես վարչապետն էր ձևակերպել, դաշինքին անդամակցության դե ֆակտո սառեցումը։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը վերջին հայտարարությունը խնդրահարույց որակեց։ Կարծում է՝ սա դե յուրե պատասխան չեն կարող համարել, պաշտոնական փաստաթղթաշրջանառությունն այս մակարդակով չի արվում, բայց չեն էլ կարող անտեսել:
Պատգամավորը հիշեցրեց հայկական կողմի պնդումը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա Ալմա-Աթայի հռչակագրով համաձայնեցված պետական սահման։
«Չի նշվում, որ կոնկրետ Ալմա-Աթայի հռչակագրով կա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման: Ալմա-Աթայի հռչակագրո՞վ՝ շատ լավ, Ալմա-Աթայի հռչակագրով, եթե էդպես ճանաչում են, ես ողջունում եմ ու շատ կողմ եմ ու շատ լավ է, կեցցե ՀԱՊԿ-ը, եթե նման բան է ասում, բայց չի ասում փաստացի: Երբ որ մենք փաստացի գործ ենք ունենում նրա հետ, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սուվերեն տարածքների վրա, հրթիռակոծում, գնդակոծում է Հայաստանի քաղաքները, համայնքները, մենք չենք ստանում ոչ մի արձագանք ՀԱՊԿ-ից, այլ ասում են՝ էդտեղ հստակեցված չի սահմանը: Ու հիմա էլ էս կոնտեքստում արդեն ուզում են ասեն՝ «այո, մենակ էնտեղ է մեր պատասխանատվության գոտին, որտեղ կա հստակեցված երկկողմանիորեն սահման, իսկ էստեղ չկա». էդ կոնտեքստն է էստեղ, իմ տպավորությունը էդպիսին է կոնկրետ էս հայտարարությունից: Դա չափազանց խնդրահարույց է», - հայտարարեց Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Եթե էդպես է, կարող է՞ պարզվի, որ դե Երևանն էլ ոչ մի տեղ, օրինակ, էդ, մինչև Երևան ոչ մի սահման երկկողմանիորեն համաձայնեցված չի, կարող է՞ պարզվի, որ ՀԱՊԿ-ը ասի՝ «դե ինչ անենք, չկա տենց սահման, որը երկկողմանիորեն համաձայնեցված է»: Իսկ մեր պնդումը էն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, և էդ պետական սահմանը համաձայնեցված է Ալմա-Աթայի հռչակագրով»:
«Նիկոլ Փաշինյանը ինքը առաջինն է դելեգիտիմացրել Հայաստանի սահմանները: Երբ թուրքերը եկան, GPS-ը ցույց տվեցին, ասին՝ «Շուռնուխով սահմանը սենց է անցնում», ինքը հետ քաշեց զորքը, դրանով ինքը առաջին հարվածը հասցրեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը». - «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կարծում է՝ խնդիրները մեծամասամբ Հայաստանի իշխանության քաղաքականության արդյունք են, իսկ ՀԱՊԿ-ը, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, դասական պատասխան է տվել։
«Ֆորմալ սահմանները գծվում են երկու երկրների միջև դելիմիտացիայի արդյունքում, և դեմարկացիայի հետևանքով ուղղակի դրվում են սահմանային այդ ձողերը, որոնք ցույց են տալիս, որ սահմանը ստեղով է անցնում», - նշեց դաշնակցական պատգամավորը:
«Կա՛ խնդիր ՀԱՊԿ և Հայաստանի միջև, և բնականաբար՝ այդ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջով, միջոցով, այլ ոչ թե նեղանալ, ասել՝ «չէ, մենք խնդիր ունենք և էդ խնդիրը չենք լուծում», - ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է պատասխանատվության գոտուն՝ «միջազգային պրակտիկան ասում է, որ քանի դեռ սահմանները վերջնականապես հստակեցված չեն, այդ uti possidetis-ի սկզբունքն է գործում, երբ ինչ որ փաստացի այսօր քո տիրապետման տակ է, դա որպես հիմք է դիտվում հետագա սահմանները գծելու համար», - հայտարարեց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով. - «Բայց չմոռանանք, որ նաև Փաշինյանը ինքը ՄԱԿ ամբիոնից, ճիշտ է՝ հեռավար, բայց ասեց՝ «ես Ալիևին եմ հարցնում, թե ինքը ո՞ր սահմաններում է պատրաստ ճանաչել Հայաստանի Հանրապետությունը»:
Ադրբեջանական ներխուժումների ընթացքում ՀԱՊԿ-ից աջակցություն չստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը, ինչը Մոսկվայի սրտով չէ։