Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ, այսօր վաղ առավոտյան հարվածի տակ է հայտնվել Թաթարստանի տարածքը: Անօդաչուները հարձակվել են Ելաբուգա քաղաքում գործող ռազմական ձեռնարկության վրա․ այստեղ, ըստ լրատվամիջոցների, իրանական «Շահեդ»-ներ են արտադրվում, որոնցով Ռուսաստանն անընդհատ թիրախավորում է ուկրաինական բնակավայրերը:
Ռուսական իշխանությունները հայտնում են, որ անօդաչուն հարվածել է ձեռնարկության հանրակացարանի շենքին, 7 մարդ է տուժել, ձեռնարկություններում, սակայն, տեխնոլոգիական խնդիր չկա, արտադրությունը բնականոն հունով շարունակվում է։
Նույն ժամերին թիրախավորվել է նաև Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանը, ըստ քաղաքապետի՝ զոհեր ու ավերածություններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թաթարստանի իշխանությունները հայտնում են «Ալաբուգա»-ում ԱԹՍ հարձակման մասին, կան զոհերԱնօդաչուների հարվածները Ռուսաստանի ուղղությամբ վերջին ամիսներին զգալիորեն ավելացել են, ամենից հաճախ դրանց թիրախում են հայտնվում նավթ մշակող ձեռնարկությունները։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, թե ուկրաինական կողմը մանրամասն ծրագրում է այդ հարվածները՝ ընտրելով հատկապես այն օբյեկտները, որոնց վերականգնումը կպահանջի երկար ժամանակ և արևմտյան տեխնոլոգիաներ։ Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի այս մարտավարությունը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության վրա, քան արևմտյան պատժամիջոցները, որոնք էներգետիկ ոլորտի վրա մեծ ազդեցություն չունեն:
Ուկրաինացիները նաև մշտական կրակի տակ են պահում սահմանամերձ Բելգորոդի մարզը, որտեղից հազարավոր խաղաղ բնակիչներ են տարհանվել վերջին շաբաթներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը տարհանում է Ուկրաինայի հետ սահմանակից շրջանների բնակիչներինՃակատում, մինչդեռ, նախաձեռնությունն արդեն մոտ կես տարի է՝ մնում է ռուսների ձեռքում, Մոսկվան փորձում է առաջ գնալ բոլոր ուղղություններով, հատկապես թեժ է Դոնեցկի մարզում:
Բախմուտի ուղղությամբ ռուսական բանակը զգալի առավելություն ունի հրետանու առումով, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի 92-րդ առանձին գրոհային բրիգադի կազմում անօդաչուների գումարտակի հրամանատար Յուրի Ֆեդորենկոն։
«Ռազմաճակատի այս հատվածում յուրաքանչյուր ուկրաինական հրետանուն բաժին է ընկնում վեց ռուսականը։ Ռուսական զորքերը նաև բավականաչափ մարդկային ուժ ունեն, որպեսզի իրենց թույլ տան զգալի կորուստներով ուղեկցվող գրոհային գործողություններ», - նշել է նա:
Ճակատում մշտական գրոհներից բացի, Ռուսաստանը նաև զանգվածային տեղեկատվական գրոհ է սկսել է Ուկրաինայի նախագահի դեմ։ Ռուսական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ հայտարարում է, թե Զելենսկին այլևս Ուկրաինայի ընտրված նախագահ չէ, քանի որ հրաժարվել է նախագահական ընտրություններ անցկացնել։ Մարտի 31-ին Ուկրաինայում պետք է նախագահական նոր ընտրություններ կայանային, սակայն Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ գործող Սահմանադրությունն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում: