Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները Զատկի տոներից հետո կքննարկեն Ուկրաինային օգնելու օրինագիծը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը, արխիվ, Վաշինգտոն, 13 դեկտեմբերի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը, արխիվ, Վաշինգտոն, 13 դեկտեմբերի, 2023թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ ապրիլի 9-ին ավարտվող Զատկի տոներից հետո կոնգրեսականները կընդունեն Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը։

Միաժամանակ, նա նշել է, որ դա բարդ գործընթաց կլինի, և կպահանջի երկու կուսակցությունների համաձայնությունը, քանի որ Ներկայացուցիչները տանն ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է:

«Մենք կառաջարկենք օրինագիծ, սակայն ես ենթադրում եմ, որ դրանում կլինեն մի քանի հիմնական լրամշակումներ»,- ասել է խոսնակը:

Նրա խոսքով, նորամուծություններից մեկը կարող է լինել Ուկրաինային վարկերի եղանակով օգնության տրամադրումը: Ըստ մեկնաբանների, դա արտացոլում է նաև հանրապետականների լիդեր, նախկին նախագահ և աշնանը կայանալիք ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի տեսակետը:

«Նույնիսկ {նախկին} նախագահ Թրամփն է խոսել վարկավորման տարբերակի մասին, երբ մենք ոչ թե պարզապես օգնություն ենք ցուցաբերում, այլ պայմանավորվում, որ երբ ժամանակը գա, վարկը կվերադարձվի»,- ասել է Ջոնսոնը:

The Hill պարբերականը նշում է, որ Ներկայացուցիչների տան հանրապետականները կարող են հավանություն տալ այդ մոտեցմանը: Մինչդեռ, Կիևում թերահավատորեն են վերաբերվում այդ գաղափարին։

Ջոնսոնի համոզմամբ, մեկ այլ հնարավորությունն էլ պատերազմի կապակցությամբ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումն է Ուկրաինային օգնելու համար:

«Իսկ եթե հնարավոր լինի օգտագործել ռուս օլիգարխներից բռնագանձված ակտիվները, որպեսզի ուկրաինացիները կարողանան պայքարել ռուսների ագրեսիայի դեմ՝ հրաշալի կլինի», - ասել է խոսնակը The Hill-ի թղթակցին:

. Հանրապետականների ներկայացրած օրինագիծը նախատեսում է ոչ թե որոշ «օլիգարխների», այլ Ռուսաստանի Բանկի ակտիվների կալանք։ Սպիտակ տունը դրան սկզբունքորեն դեմ չէ, սակայն նշում է, որ առանց Եվրոպական միության համանման գործողության դա բավարար չի լինի, քանի որ Եվրամիությունը շատ ավելի մեծ թվով ռուսական ակտիվներ է սառեցրել:

. Սպիտակ տունը կոչ է անում Ներկայացուցիչների տանն ընդունել Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու փաթեթը, որն ավելի վաղ հաստատվել է Սենատում։ Սակայն Ջոնսոնի պարզաբանումները վկայում են, որ հանրապետականները կցանկանան լրամշակել օրինագիծը։

Այս դեպքում Ներկայացուցիչների տան օրինագիծը կրկին պետք է հաստատվի Սենատի կողմից, ինչը կնշանակի Ուկրաինայի համար ծայրահեղ նշակության օգնության տրամադրման հետաձգում։

Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թերները երեկ ասել է, որ Ուկրաինային աջակցությունը «չափազանց մեծ» կլինի, երբ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից, իսկ Ջոնսոնը խոստացել է առաջնահերթ կարգով քննարկել օրինագիծը:

Մի շարք ծայրահեղ աջ հանրապետականներ դեմ են Ուկրաինային ցանկացած օգնությանը և սպառնում են Ջոնսոնին ազատել պաշտոնից, եթե նա համաձայնության հասնի դեմոկրատների հետ օրինագծի ընդունման հարցում: Դեմոկրատները, սակայն, նշել են, որ այդ պայմաններում չեն աջակցի հանրապետական խոսնակի հրաժարականին:

Օրեր առաջ հաղորդվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և խոսնակ Ջոնսոնի հեռախոսազրույցի մասին։

«Կոնգրեսի կողմից Ուկրաինային ԱՄՆ օգնության արագ հաստատումը կենսական նշանակություն ունի: Մենք գիտակցում ենք, որ Ներկայացուցիչների տանը կան տարբեր տեսակետներ հարցի մասին, բայց գլխավորն Ուկրաինային օգնության հարցը որպես միավորող գործոն պահելն է»,- գրել է Զելենսկին X-ում: Այդ զրույցի կոնկրետ արդյունքների մասին նա մանրամասներ չի հաղորդել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG