Նախագահական ընտրություններից մեկ տարի չանցած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը պարտվեց ընդդիմադիրներին երկրի խոշորագույն քաղաքներում։
Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետականը կիրակի կայացած ընտրություններում իր ամենամեծ հաղթանակն է տարել վերջին 45 տարում՝ իր ձեռքը վերցնելով Անկարան, Ստամբուլն ու այլ խոշոր քաղաքներ։ Թուրքիայի ութ խոշորագույն քաղաքներից վեցում այլևս ընդդիմադիրներն են քաղաքապետ։
Թուրքիայի քաղաքացիները փոփոխություններ են ուզում, գիշերը հայտարարեց պատմական հաղթանակը տոնող ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը:
«Այսօր ընտրողները շատ կարևոր որոշում կայացրին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այսօր ընտրողները որոշել են նոր քաղաքականություն հաստատել Թուրքիայում: Այսօր ընտրողները որոշել են փոխել Թուրքիայի 22-ամյա պատկերը և բացել դուռը դեպի նոր երկիր. նոր քաղաքական մթնոլորտ մեր երկրում», - նշել է Օզգուր Օզելը։
16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 51,1 տոկոսը։ Նա գրեթե 11,5 տոկոսով գերազանցել է իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության իր մրցակցին։
Անկարայի ներկայիս քաղաքապետ Մանսուր Յավասը նույնպես կշարունակի պաշտոնավարել։ Նրա օգտին քվեարկել է մայրաքաղաքի ընտրողների գրեթե 60,4 տոկոսը։ Ինչպես Իմամօղլուն, Յավաշը նույնպես համարվում է նախագահի հավանական թեկնածու 2028 թվականի ընտրություններում, որին Էրդողանը խոստացել է չմասնակցել։ Այս տեղական ընտրություններն, ի դեպ, համարվում են առաջին լուրջ քաղաքական փորձությունը 2028 -ի նախագահականից առաջ։
Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետականը քաղաքապետի պաշտոններ կստանա 81 մարզերից 35-ում, բացի Ստամբուլից և Անկարայից՝ Թուրքիայի հյուսիսային, արևմտյան և հարավային նահանգներում։
Էրդողանն ընդունել պարտությունը՝ համարելով սա ոչ թե վերջ, այլ՝ շրջադարձային կետ երկրի կյանքում
Էրդողանի կուսակցությունը կստանա տեղական ղեկավարի 24 պաշտոն՝ հիմնականում կենտրոնական Թուրքիայում։ Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները կդառնան հարավ-արևելյան տասը նահանգների քաղաքապետեր։ Եվս ութ քաղաքապետի պաշտոն կզբաղեցնի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Ընտրություններին հաջորդած իր առաջին ելույթում նախագահ Էրդողանն ընդունել է երբևէ կրած ամենամեծ պարտությունը՝ համարելով սա ոչ թե վերջ, այլ՝ շրջադարձային կետ երկրի կյանքում:
«Մայիսի նախագահական ընտրություններում մեր հաղթանակից 9 ամիս անց, ցավոք, չկարողացանք ստանալ այն արդյունքները, որոնք ցանկանում էինք և հույս ունեինք ստանալ: Մենք վերլուծելու ենք մարտի 31-ի ընտրությունների արդյունքները մեր կուսակցության ներսում և համարձակորեն հանդես կգանք ինքնաքննադատությամբ», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները, որ գիշերը տոնում էին ընդդիմադիրների հաղթանակը, ասում էին, թե հուսով են, որ շուտով կապրեն նոր երկրում. - «Ես հույս ունեմ, որ այս հաղթանակը նոր դարաշրջանի մեկնարկ է, ակնկալում եմ, որ ապագան լավ կլինի թոշակառուների, երիտասարդների, երեխաների, կանանց համար»:
Ըստ փորձագետի, ընտրությունները որևէ ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա
Վերլուծաբանների համոզմամբ՝ ընտրությունների ելքի վրա վճռորոշ ազդեցություն ունի Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամը։ Թեև անցած ամռանը՝ վերընտրվելուց հետո Էրդողանը փոխեց կառավարության տնտեսական բլոկի գրեթե ողջ կազմը, ճգնաժամն առանձնապես չի մեղմվել։ Դեկտեմբերին, օրինակ, ինֆլյացիայի մակարդակը երկրում հասել էր 64 տոկոսի։ Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի անկումը ևս չի դադարում։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիայի մեծ քաղաքների բնակչության սպասումները կարող են և չարդարանալ, քանի որ առաջիկայում Թուրքիայում ընտրություններ նախատեսված չեն ու այս 4 տարին Էրդողանը կարող է օգտագործել հօգուտ իր ղեկավարած կուսակցության: Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող հայերին կամ առավել ևս հայ-թուրքական հարաբերություններին, փորձագետի կարծիքով, կիրակի օրն անցկացված ընտրությունները որևէ ազդեցություն դրանց վրա չեն ունենա:
«Թուրքիայում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարական մարմինների ընտրությունների արդյունքները ոչ մի ազդեցություն չեն ունենա Թուրքիայի քաղաքականության վրա, այն քաղաքականության, որը նա վարում է Հայաստանի նկատմամբ, քանի որ այդ ընտրությունները համապետական չէին ու առնչություն չունեին պետական մարմինների կառավարության քաղաքականության հետ: Նշեմ նաև երկրորդ հանգամանքը, այն հանգամանքը, որ հաղթանակ տարավ, ըստ էության, այդ ընտրություններում հիմնականում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, չի նշանակում, որ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վերաբերմունք կփոխվի հայերի նկատմամբ, մասնավորապես Ստամբուլում, ինչո՞ւ, որովհետև այդ կուսակցությունը, որը հիմնադրվել է դեռևս Աթաթուրքի կողմից, հայտնի է իր քաղաքականությամբ, որի նպատակն է եղել ճնշել հայ ժողովրդի մնացորդներին Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում», - ասաց թուրքագետը: