Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է կիրակի օրը նշանակված ՏԻՄ ընտրություններին


Երեք օրից Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջին մեծածավալ քվեարկությունը կլինեն նախորդ տարվա նախագահական ընտրարշավից հետո։

Էրդողանի հերթական հաղթանակից հետո խոր ճգնաժամում հայտնված թուրքական ընդդիմությունը հույս ունի ռևանշի հասնել 2023 թվականի անհաջողության համար՝ նախևառաջ պահպանելով երկրի խոշորագույն երկու քաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի վերահսկողությունը։

Նախընտրական արշավը թեժ է հատկապես Ստամբուլում, որտեղ միմյանց դեմ են պայքարում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմից առաջադրված բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Կուրումը։

Վերջին շաբաթներին անցկացված հարցումները վկայում են, որ երկու գործիչների ցուցանիշները շատ մոտ են։ МАК սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ Իմամօղլուն կարող է հավակնել քվեների 41․5, Կուրումը՝ 40 տոկոսին։ Հայտնի թուրք սոցիոլոգ Մուրատ Գեզիջիի տվյալներով՝ իշխող կուսակցության թեկնածուն առաջիկա կիրակի կարող է ստանալ քվեների շուրջ 44, իսկ գործող քաղաքապետը՝ 43․5 տոկոսը։

Ժամանակին այս նույն հրապարակում 1․5 միլիոն մարդ էինք հավաքում, այսօր ընդամենը 650 հազար մարդ կա. Էրդողան

Ընտրությունների արդյունքների հետ կապված անորոշությունն է պատճառը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ էրդողանը ստիպված է անձամբ մասնակցել իր թիմակցի ընտրարշավին՝ երբեմն անգամ բողոքելով իր աջակիցների պասիվությունից։

«Այս պահին այստեղ 650 հազար մարդ է հավաքվել։ Բայց մենք ժամանակին այս նույն հրապարակում 1․5 միլիոն մարդ էինք հավաքում։ Այսօր, սակայն, այստեղ ընդամենը 650 հազար մարդ կա», - դժգոհությունը չէր թաքցնում Էրդողանը։

Քաղաքական մեկնաբան Մուրատ Յետկինի համոզմամբ՝ Թուրքիայի նախագահի նման պահվածքը վկայում է այն բարդությունների մասին, որոնց բախվում է իշխող կուսակցությունը մարտի 31-ի ընտրությունների շեմին։

«Ստամբուլում կայացած մեծ հանրահավաքի ժամանակ, ի զարմանս ինձ, Էրդողանը բողոքեց դրա սակավամարդությունից։ Տպավորություն կար, որ այդ հանրահավաքի սպասված մասնակիցների կեսից էլ քիչն էր ներկա։ Իմ կարծիքով՝ դա նշանակում է, որ [այս ընտրությունների ընթացքում] տնտեսական խնդիրները իրենց դերը խաղալու են», - պնդում է թուրք վերլուծաբանը։

Այն, որ տնտեսական թեմաները այս ընտրարշավի վրա կարող են անմիջական ազդեցություն թողնել, բնական է։ Տնտեսական ճգնաժամը Թուրքիայում շարունակվում է։ Անգամ այն փաստը, որ անցած ամռանը՝ վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխեց կառավարության տնտեսական բլոկի գրեթե ողջ կազմը, ճգնաժամն առանձնապես չի մեղմել։ Միայն մեկ ցուցանիշ՝ անցած տարվա դեկտեմբերին, չնայած Թուրքիայի Կենտրոնական բանկի ձեռնարկած բոլոր ջանքերին, ինֆլյացիայի մակարդակը երկրում հասավ 64 տոկոսի՝ դրան նախորդող ամսվա 61-ի համեմատ։ Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի անկումը ևս չի դադարում։ Որոշ տնտեսագետների համոզմամբ՝ արդեն այս տարեվերջին ամերիկյան մեկ դոլարը 40 լիրա կարժենա՝ ներկայիս 32-ի փոխարեն։

Ըստ վերլուծաբանների՝ Դիարբեքիրում «Ժողովրդի հավասարության և ժողովրդավարության» հաղթանակը գրեթե երաշխավորված է

Եվս մեկ գործոնը, որ կարող է լրջագույն ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա՝ քրդականն է։ 2019 թվականի տվյալներով՝ Ստամբուլի չափահաս բնակչության 17 տոկոսը քրդական ծագում ուներ։ Որպես հետևանք, հենց քրդերի քվեներն են, որ կարող են որոշիչ դեր ունենալ Թուրքիայի խոշորագույն բնակավայրի ղեկավարի ընտրության հարցում։ Քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդի հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը (DEM) սակայն, ի տարբերություն նախորդ տարվա ընտրությունների, այս անգամ որոշել է հրաժարվել ընդդիմության հանդեպ դրական չեզոքության քաղաքականությունից՝ Ստամբուլում սեփական թեկնածու առաջադրելով։

«Մի կողմից ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, մյուս կողմից իշխող «Արդարություն ու Զարգացումն» ու դրա հետ դաշնակցող ազգայնականները անդադար ասում են՝ «ինչ էլ չանենք քրդերի հետ, միևնույն է, նրանք կշարունակեն աջակցել մեզ»։

«Այսօրվանից սկսած մենք այդ ամենին ոչ ենք ասում։ Մեր որոշումներն այսուհետ մենք ինքներս ենք կայացնելու», - Դիարբեքիրում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր Թուրքիայի ամենահայտնի քուրդ գործիչներից մեկը՝ Լեյլա Զանան։

Քաղաքական վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Դիարբեքիրում ինչպես նաև երկրի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ հարյուրավոր այլ բնակավայրերում «Ժողովրդի հավասարության և ժողովրդավարության» կուսակցության հաղթանակը գրեթե երաշխավորված է։ Այլ հարց է, որ ընտրված քուրդ քաղաքապետերն ու գյուղապետերը կարող են այդպես էլ չստանձնել իրենց լիազորությունները կամ շատ կարճ պաշտոնավարել։

Վերջին տարիներին տասնյակ քրդաբնակ բնակավայրերի ընտրված ղեկավարներ կառավարության որոշմամբ հեռացվել էին զբաղեցրած պաշտոններից՝ փոխարինվելով գործադիր իշխանության կողմից նշանակված հատուկ կառավարիչներով։

Անկարայում, ըստ հարցումների,առաջատարը գործող քաղաքապետ Մանսուր Յավաշն է

Մայրաքաղաք Անկարայում, դատելով հարցումներից, միանձնյա առաջատարը գործող քաղաքապետ, ընդդիմադիր Մանսուր Յավաշն է։

«Նախորդ ընտրություններից առաջ էլ մեղադրանք չմնաց, որի իշխանությունները մեզ չուղղեին՝ սոցիալական օգնության կրճատումից մինչև քրդերի հետ համագործակցելը : Որևէ բան այդ ամենից, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ Հակառակը, Անկարան լուրջ փոփոխությունների միջով անցավ», - հայտարարում էր ընդդիմադիր քաղաքապետը։

Ընդդիմադիր թեկնածուների այս հայտարարությունները, սակայն, թուրք ընտրողների մեծամասնությունը որպես կանոն այդպես էլ չի լսել։

«Ընտրարշավի առաջին 40 օրերին Թուրքիայի հանրային հեռուստատեսությունն իր եթերաժամից իշխող կուսակցության քարոզարշավի լուսաբանմանը 32 ժամ է տրամադրել, իսկ ընդդիմությանն՝ ընդամենը 25 րոպե», - գրում է Reuters-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG