Տղամարդն ահազանգում է՝ ոստիկաններն իրեն խաբեությամբ տնից դուրս են հանել, խոշտանգման ենթարկել. քրգործ է հարուցվել

Լուսանկարում Վահե Նավոյանը

27-ամյա տղամարդն ահազանգել է, որ ոստիկաններն իրեն խաբեությամբ տնից դուրս են հանել, գցել մեքենան, դեմքը փակել ու տարել Երևանի ավտոկայանատեղիներից մեկը, հենց ավտոմեքենայում ծեծել, հետո էլ տեղափոխել ոստիկանության կենտրոնի բաժին։

«Մի քանիսի անունները Վահեն լսել է՝ մեկի անունը Նշան, մնացածների անունները չեմ հիշում», - ասաց հորաքրոջ որդին՝ Սևադա Ղազարյանը:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել, բայց միջադեպին ներգրավված ծառայողների լիազորությունները կասեցնելու մասին դեռ վաղ է խոսել։

Վահե Նավոյանի փաստաբանների բողոքից հետո Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել խոշտանգման հոդվածով։ Տուժող ճանաչված երիտասարդի հորաքրոջ որդին պատմում է՝ ընտանիքի ձեռքի տակ է հայտնվել դեպքի վայրի տեսանկարահանումը։

Կադրում երևում է, որ երեք ավտոմեքենա է ժամանում կայանատեղի, դրանցից դուրս են գալիս քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդիկ։ Լսվում են կոպիտ հայհոյանքներ, տղամարդիկ պարբերաբար մտնում են ավտոմեքենաներից մեկի հետնամաս։ Սևադա Ղազարյանը, ցույց տալով կադրերը, ընդգծում է՝ հենց ավտոմեքենայում են ծեծել իր քեռորդուն:

«Ամբողջ ճանապարհին Վահեին ծեծել են, ընդորում, ձեռնաշղթաներ հագցրած, որ որևէ կերպ հնարավորություն չունենա նույնիսկ գլուխը պաշտպանել, բոլոր հնարավոր ձևերով փորձել են նվաստացնել, ճնշում գործադրել», - ներկայացրեց Ղազարյանը:

Ղազարյանը պատմեց, որ ընկերություններից մեկում ինժեներ-մեխանիկ աշխատող քեռորդին ծանոթներից մեկի հետ բիզնես է որոշել սկսել, փող է տվել, բայց ծանոթը ոչ գործն է սկսել, ոչ էլ փողն է վերադարձրել։ Վահե Նավոյանն էլ ծանոթի ավտոմեքենան է փորձել վերցնել, մինչև գումարը հետ ստանա։ Ղազարյանը պատմում է, որ խոշտանգման օրն այդ ծանոթը զանգահարել է քեռորդուն, ասել, թե ավտոմեքենայով ինչ-որ իր է ուղարկում, դուրս արի, վերցրու, բայց պարզվել է՝ ոստիկանների է ուղարկել նրա հետևից, որոնք էլ բռնությամբ նրան գցել են ավտոմեքենան։ Նավոյանը հետո իմացել է, որ մեղադրվում է գողության համար, դատարանը երկու ամսով տնային կալանք է նշանակել։

Ըստ հարազատների ու փաստաբանների՝ խոշտանգումները շարունակվել են նաև ոստիկանության կենտրոնի բաժնում։ Տուժողի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը պատմեց, որ Կենտրոնի ոստիկանները նաև սպառնալիքներ են հնչեցրել, թե եղբայրներիդ համար վատ կլինի, աշխատանքից կազատեն, հեռախոսի գաղտնաբառն են կորզել։

«Էս իրադարձությունների մեջ կարևորագույնը խոշտանգման դեպքն է, որ տեղի է ունեցել, որովհետև, ցավոք սրտի, թվում էր, թե պետք է որևէ խոշտանգում չլիներ, օրինական մեթոդներով պետք է աշխատանք իրականացներ ոստիկանությունը, սակայն ինչպես տեսնում ենք, որևէ օրինականության հետ աղերս չունեցող գործողություններ են իրականացրել», - ասաց Մարտիրոսյանը:

Փաստաբանն ընդգծում է՝ ոստիկանությունը չունի լիազորություն քաղաքացուն ձերբակալելու համար օգտագործել մեկ այլ քաղաքացու, մինչդեռ իր պաշտպանյալին հենց այդպես էլ տարել են բաժին։ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ոստիկանները ուժի մեթոդն են գործադրել դրան սովոր լինելու պատճառով։

«Շատ հավանական վարկած է, որովհետև ըստ էության հեշտ ճանապարհ է ինչ-որ արարք բացահայտելու ու մեծ է ռիսկը, որ դրա արդյունքում անմեղ մարդիկ նույնպես կդատապարտվեն», - նշեց պաշտպանը:

Վերջին շրջանում ոստիկանական բռնության մասին էլի քաղաքացիներ են ահազանգել։ Դրանցով զբաղվող իրավապաշտպանները պնդում են, որ համակարգում բարեփոխումներն առայժմ արդյունք չեն տվել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ քանի դեռ բռնությունների հեղինակները համարժեք պատիժ չեն ստանում, նման դեպքերը կշարունակվեն։

«Տեսանյութում երևացող օպերներին վայրկյան իսկ առաջ պետք է հեռացնել, ոչ միայն քրեական հետապնդում իրականացնել, այլ ընդհանրապես մինչև քրեական գործի նախաքննության ավարտը կամ ընթացքը, նրանց գործառույթները պետք է կասեցնել», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանների այս քննադատությանը ՆԳՆ-ից հակադարձում են՝ եթե խնդիրներ չլինեին, բարեփոխումներ կարիք չէր լինի, իսկ արդյունքի համար ժամանակ է պետք։ Նախարարության տվյալներով՝ 2022 և 2023 թվականներին բռնությունների և խոշտանգումների համար 10 ոստիկանի է մեղադրանք առաջադրվել, կասեցվել է 4-ի պաշտոնավարումը։