Բլինքեն -Փաշինյան -ֆոն դեր Լայեն հանդիպման պես նախաձեռնությունները կարող են նոր սադրանքների դրդել Հայաստանին, որտեղ «ռևանշիստական տրամադրություններ են տիրում», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ու Կնյազևը Բաքվում կայացած հանդիպմանը նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին են անդրադարձել։
«Ջեյհուն Բայրամովը նշել է, որ մի շարք քայլեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, այդ թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների փորձերը և տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը, դանդաղեցնում են այդ գործընթացը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, առանձնացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ու պնդել, որ այդ համաձաժողովն անցկացվում է «ոչ թափանցիկ միջավայրում», և որ «նման նախաձեռնությունները կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանի կողմից, որտեղ տիրում են ռեւանշիստական տրամադրություններ»։
Երևանն ավելի վաղ հայտարարել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ չէր բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ՝ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը պնդում է՝ Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը՝ դիվանագիտական նոր լարվածության պատճառ Բաքվի, Մոսկվայի ու Երևանի միջև